Նոր շենքերը սեյսմիկ անվտանգ են, խորհրդային տարիներին կառուցված շենքերն են խնդրահարույց։
Հայաստանում գլխավոր խնդիրն այն է, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերի սեյսմիկ հզորությունն ու ներկայիս նորմատիվները չեն համընկնում, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում սեյսմակայուն շենքեր ունենալու ուղղությամբ։
Այսօր նոր կառուցվող շենքերը սեյսմիկ անվտանգության նորմատիվներին համապատասխանեցնելու ուղղությամբ բազմաթիվ իրավական գործընթացներ են տարվում, փոփոխություններ կան։
ՀՀ ողջ տարածքում կան ոչ սեյսմակայուն շենքեր և դրանց մեծ մասը Երևանում է։ Ելնելով որոշ շենքերի տվյալ պահի կարգավիճակից, պարբերաբար գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ դուրս են բերվել, նորն է կառուցվել, մարդիկ այնտեղ են տեղափոխվել։
Այս պահին ավելի խոշոր ծրագիր է իրականացվում, երբ մի քանի շենք գույքագրվում է, որ նմանատիպ կարգավիճակ ունեն, Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին առաջարկում է ծրագիր իրականացնել` վթարային շենքերը քանդել ու նորերը կառուցել։