Սակագները մնացել են անփոփոխ, իսկ ազատական շուկան աճել է. ՀԾԿՀ-ն ամփոփել է 2025 թվականը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2025 թ. գործունեության հաղորդումը: «Մեգանյուզ»-ը հետևել է հանձնաժողովի նիստին և առանձնացրել հիմնական ցուցանիշները.

 Անփոփոխ սակագներ. Չնայած գազի համակարգի որոշ ծառայությունների սակագների վերանայմանը՝ տարվա ընթացքում սպառողների համար էլեկտրաէներգիայի, գազի և խմելու ջրի սակագները մնացել են անփոփոխ:

 Շուկայի ազատականացում. Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատական հատվածի սպառումը կտրուկ աճել է՝ հասնելով ներքին սպառման 33.2%-ի (2022-ի 5.3%-ի դիմաց):

 Կանաչ էներգետիկա. Տարեվերջին գործել է 191 փոքր ՀԷԿ և 100 արևային կայան: Ինքնավար արտադրողների թիվը գերազանցել է 50 հազարը՝ ապահովելով ամսական 15-20 ՄՎտ միջին աճ:

 Կապ և ինտերնետ. Շարժական կապի բաժանորդների թիվը հասել է 4.15 միլիոնի, իսկ շարժական լայնաշերտ ինտերնետից օգտվողներինը՝ 3.55 միլիոնի (աճը՝ 8.9%):

 Դիմում-բողոքներ. ՀԾԿՀ-ն ստացել է 3460 դիմում-բողոք (1906-ը՝ գրավոր, 1554-ը՝ բանավոր):

Բյուջե և եկամուտներ. ՀԾԿՀ-ն իր բյուջեից տնտեսել և պետբյուջե է վերադարձրել 88.5 միլիոն դրամ: Միաժամանակ, հանձնաժողովի գործունեության շնորհիվ պետբյուջե է մուտքագրվել շուրջ 10.3 միլիարդ դրամ (որից 9.7 մլրդ դրամը՝ ռադիոհաճախականությունների թույլտվություններից, իսկ 227.4 միլիոնը՝ խախտումների համար սահմանված տուգանքներից):

Մեգանյուզ լրատվական

Այս թեմայով
am