Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիր անհայտ է
Իրավապահ համակարգում Ուշիի ոլորանների ողբերգական դեպքով մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ Ստեփանավան-Երևան տաքսու կարգավարը (դիսպետչերը ) իրավապահներին հայտնել է, որ տաքսի մեքենայում եղել են 7ուղևորներ։ Այս պահին ուղևորներից մեկի ճակատագիրը անհայտ է և իրավապահները փորձում են հասկանալ, արդյո՞ք մինչ ողբերգական վթարը ճանապարհին քաղաքացիներից մեկը իջել է, թե նրա մարմինը ևս գտնվում է ամբողջությամբ ջախջախված մեքենայի մեջ։ Այս մասին հայտնում է «ԱրմԼուր»-ը։
«Փաստացի, ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահների շրջանում մեկ քաղաքացու ճակատագիր անհայտ է։
Ուշիի ոլորաններում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով, նախնական տվյալով, մահացել են Ստեփանավան-Երևան տաքսու վարորդն ու 5 ուղևորները։ Վարորդը 60-ին մոտ տղամարդ է եղել։ Նրանք եղել են Opel Zafira-ով։
Հիշեցնենք, որ ուղևորներից երեքի ինքնությունն է այս պահին հայտնի։ Վթարի հետևանքով մահացել է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Էրիկ Մխոյանը, որը 22 տարեկան էր, ուսանող, գյուղից Երևան էր գնում։
Վթարի հետևանքով մահացած 26-ամյա Նարինե Բարսեղյանը Տաշիրից էր, նշանածի հետ Երևան էին գնում։ Նշանածը Երևանից էր։
Մյուս մեքենայի Jeep-ի երեք ուղևորները նույնպես ցավոք մահացել են Վահրամ Ասատրյանը, կինը և նրանց 18-ամյա որդին։ Վթարի հետևանքով տուժած մյուս մեքենայի ուղևորները հիվանդանոցում են։ Վնասվածքներ ունի նաև բեռնատարի վարորդը։ Այս պահին կա 9 զոհ 3 վիրավոր»,- գրել է լրատվամիջոցը։