Նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու դիմում են ներկայացրել 53 039 տեղահանված անձինք. Արփինե Սարգսյան

Կառավարության ծրագիրը նախատեսում է քաղաքացիության ինստիտուտի վերարժևորման տրամաբանության մեջ աշխատանքներ։ Օրենսդրական նախաձեռնությունն արդեն շրջանառության մեջ է, և առաջիկայում այն կներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Անդրադառնալով քաղաքացիության ինստիտուտին՝ նախարարը նշեց՝ չի կարող անմասն մնալ այս թեմայից և չանդրադառնալ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին քաղաքացիության շնորհման գործընթացին։

«Նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել 53039 տեղահանված անձ։ Նույն ժամանակահատվածում հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 32690 անձի, իսկ 14344-ն անչափահաս են և քաղաքացիություն են ձեռք բերել անձնագրավորման եղանակով»,– հայտնեց ՆԳ նախարարը։

Սարգսյանը հայտնեց նաև՝ նոյեմբերի 1-ից ներդրվել է օտարերկրացիների կացության կարգավիճակին առնչվող և մնացյալ բոլոր գործընթացները թվայնացման ռեժիմով իրականացնելու գործընթացը։

 

 

 

 

Այս թեմայով
am