Մթերվող դեղձի և թզի փոխհատուցման ժամկետը կերկարաձգվի, ծաղիկը ցանկացած երկիր արտահանման համար կստանա 50 դրամ աջակցությունը
Որոշ ապրանքներ՝ մոշ, կեռաս, ազնվամորի, սեպտեմբեր ամսվա համար արտահանման պոտենցիալ այլևս չունեն, դրանք հանել ենք արտահանման աջակցության ծրագրից, փոխարենը արտահանման աջակցության համար ավելացրել ենք ծաղիկը։ Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 3-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Որոշ երկրների դեպքում 37 դրամ էր, մի մասի համար՝ 50 դրամ։ Ընդհանուր առմամբ բոլոր երկրների համար արտահանման աջակցությունը 50 դրամ ենք տալիս։ Վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի փոխհատուցման ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգում ենք։ Մնացած աջակցության ծրագրերը, որոնք նախորդիվ կային՝ միրգ-բանջարեղենի համար արդեն իսկ ընդունված, պահպանված են»,- ասաց նա։
Այս տարվա հունվար-հուլիսն ամփոփվել են արդեն, և, ըստ նախարարի, այս ծրագրերն իրենց խնդիրն ամբողջությամբ լուծել են։ Եթե անցած տարվա առաջին 7 ամսում 865 մլն դոլարի ագրոպարենային արտադրանք է արտահանվել՝ սկսած մրգից, բանջարեղենից մինչև վերամշակված արտադրանք, ապա այս տարի՝ հուլիսը ներառյալ, ընդամենը 1,85 տոկոսով պակաս է արտահանվել՝ 849 մլն դոլարի։ Հաշվի առնելով տեմպերը՝ նախարարը կարծիք հայտնեց, թե օգոստոսին կարող են գերազանցել արդյունքը։
«Այսինքն՝ արտահանումների ծավալի խնդիրը լուծված է, և մենք արտահանում ենք և դիվերսիֆիկացնում ենք»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ շշալցված կոնյակի դեպքում քանակական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 19 տոկոսով ավելի է արտահանվել, կոնյակի սպիրտի պարագայում արտահանվել է 12 տոկոսով ավելի, գինու դեպքում՝ 8 տոկոսով պակաս, մրգահյութերի, բանջարեղենի դեպքում՝ 1 տոկոսով պակաս, պտուղ-բանջարեղենային պահածոների դեպքում՝ 18 տոկոսով ավելի, չոր մրգեր և չոր բանջարեղենի դեպքում՝ 151 տոկոսով ավելի:
«Կան ուղղություններ, որ նվազել են: Օրինակ՝ ծաղիկների դեպքում մենք 27 տոկոս նվազում ունենք: Անցած տարվա օգոստոսի 1-ի դրությամբ արտահանել էինք 39 մլն հատ ծաղիկ, այս տարի՝ 30 մլն 100 հազար հատ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս տարի ծաղիկ արտահանվել է 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16, ինչը աննախադեպ է ՀՀ-ի արտահանման աշխարահագրության մասով: