Հայաստանը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը․ վարչապետի ելույթը ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը։ Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշել է․

«Հարգելի պարոն նախագահող Սադիր Ժապարով,
Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար, հարգելի՛ պարոն Գուտերեշ, Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ Ղրղզստանի նախագահ հարգելի Սադիր Ժապարովին շնորհավորել նորակառույց «Բիշքեկ Արենայում» Քոչվորական 6-րդ համաշխարհային խաղերի տպավորիչ բացման, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության արդյունավետ նախագահության առիթով, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության և այս գագաթնաժողովի հրաշալի կազմակերպման համար։
Ցանկանում եմ նաև շնորհավորել բոլորին ՇՀԿ հիմնադրման հոբելյանական 25-ամյակի առթիվ։

Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվա մեր քննարկման թեման է․ ««ՄԱԿ-ը որպես արդար աշխարհակարգի առանցքային տարր․ ՇՀԿ+ պետությունների ներդրումը բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում»։

Իմ տպավորությամբ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբևեռ, և դա է հավասարակշռությունը, ասել է թե՝ կայունությունն ու խաղաղությունն ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։
Հայաստանի նման փոքր պետությունն ինչպե՞ս կարող է ներդրում ունենալ բազմաբևեռ աշխարհի կայացմանը։ Այս հարցին մենք գործնական պատասխան ենք տալիս, ըստ էության, բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելով, որն անվանում ենք հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։

Այդ քաղաքականության իմաստը հետևյալն է․ երբ աշխարհաքաղաքական որևէ բևեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունն ինքնիշխանության եւ անկախության բարդություններով լեցուն ճանապարհին։
Նման քաղաքականության հիմնական նպատակն ինքնիշխանությունը և անկախությունը պահպանելը եւ ուժեղացնելն է։ Եվ այս ռազմավարությունները մշակելիս եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն եւ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, և բազմաբևեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։

Այս է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարևան Իրանի և Վրաստանի հետ՝ մենք գնում ենք մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, և սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ։
Հիմա մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։

Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արևելքից արևմուտք, այսինքն՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, այլև հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սև ծովին։ Այնպես որ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները։
Վերադառնալով բազմաբևեռ քաղաքականությանը՝ նշեմ, որ Հայաստանը վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Եվրոպական Միության հետ։

Հնդկաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա մենք աշխատում ենք դրա փաստաթղթային ձևակերպման վրա։
Այսօր ես հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։

Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը։

Ընդգծելով Միացյալ ազգերի կազմակերպության առանցքային դերը բազմաբևեռ աշխարհի կառուցման գործում՝ ուզում եմ տեղեկացնել, որ ս/թ հոկտեմբերին ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստանում տեղի է ունենալու Կենսաբազմազանության COP 17 համաժողովը, և բոլորիդ հրավիրում եմ մասնակցել աշխարհի բազմաբևեռությունն ընդգծող այդ կարևոր միջոցառմանը։
Շնորհակալ եմ ուշադրության համար և Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնող Պակիստանին հաջողություններ եմ մաղթում այդ պատասխանատու առաքելության մեջ»։
