Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունն անցկացվում է նոր կարգով
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։
Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ B կարգի մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։
D կամ T կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ D կարգի ավտոբուս վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։
Բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։
«Տեղեկացնում ենք նաև, որ քննական հարցաշարերում նոր հարցեր չեն ավելացվել․ կարգավորմամբ փոխվել է միայն դրանց խմբավորումը։ Նոր հարցեր ավելանալու դեպքում դրանք կհրապարակվեն և քննական թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր հետո։
Փոփոխության նպատակն է առավել նպատակային գնահատել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։