Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին գլխավոր պետական տոնի՝ Անկախության օրվա առիթով։

Անցած երեք ու կես տասնամյակների ընթացքում Ղրղզստանն անցել է պետականության ամրապնդման և զարգացման նշանակալի ճանապարհ՝ արձանագրելով կարևոր ձեռքբերումներ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Ձեր ղեկավարությամբ իրականացվող լայնածավալ բարեփոխումները և արդիականացվող ենթակառուցվածքները հետևողականորեն ամրապնդում են երկրի դիրքերը միջազգային ասպարեզում։

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ղրղզստանի միջև միջպետական փոխգործակցությանը՝ խորացնելով փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում ևս առիթ կունենանք շարունակելու մեր անմիջական շփումները և քննարկելու երկկողմ օրակարգի հետագա զարգացմանն առնչվող հարցերը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց»։

Այս թեմայով
am