Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. մանրամասներ
Հանրային լայն արձագանք է ստացել Արիանա Հովսեփյանի հրապարակած տեսանյութը, որում բարձրաձայնվում են երեխայի նկատմամբ հնարավոր բռնության և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ մտահոգություններ։
Տեսանյութում ներկայացված տեղեկությունների համաձայն՝ խոսքը վերաբերում է մանկատնից որդեգրված երեխային։ Հրապարակման հեղինակն առաջ է քաշում կասկածներ, որ երեխան կարող է ենթարկվել շահագործման և սեռական բնույթի բռնության։ Սոցիալական ցանցերում շրջանառվում են նաև պնդումներ, թե հնարավոր է՝ դեպքը եզակի չէ, և կան նաև այլ հավանական տուժածներ։ Այս տեղեկությունները, սակայն, այս պահին պաշտոնապես հաստատված չեն։
Հաշվի առնելով բարձրացված հարցերի բացառիկ զգայունությունն ու հնարավոր հանրային վտանգավորությունը՝ հրապարակման հեղինակը պաշտոնական հաղորդում է ներկայացրել իրավապահ և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու կառույցներին՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
«Մեգանյուզ»-ը կապ է հաստատել ՀՀ ներքին գործերի նախարարության հետ՝ պարզելու, թե արդյոք գերատեսչությունը տեղեկացված է հրապարակված տեսանյութի մասին և ինչ ընթացք են ստացել բարձրացված հարցերը։
Մեզ հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նախարարությունն ուսումնասիրել է հրապարակումը, և համապատասխան հաղորդումն արդեն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե՝ իրավական ընթացակարգերն ապահովելու և ներկայացված հանգամանքները բազմակողմանի քննության առարկա դարձնելու նպատակով։
Քանի որ խոսքը վերաբերում է անչափահասի իրավունքների հնարավոր խախտմանը և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ հաղորդմանը, «Մեգանյուզ»-ը շարունակելու է հետևել գործի պաշտոնական ընթացքին և հանրությանը պարբերաբար ներկայացնել իրավասու մարմինների կողմից հրապարակվող տեղեկատվությունն ու զարգացումները։
Մարգարիտա Դավթյան