Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշ. Իրավունք

Յոթ տարի՝ ճաղերի հետեւում, վեց դատավորի փոփոխություն, չավարտվող դատաքննություն եւ դեռեւս ոչ մի դատավճիռ։ Սա՞ է արդարադատությունը, թե՞ մի համակարգի ձախողում, որի գինը մարդն է վճարում սեփական ազատությամբ ու առողջությամբ։

Օրենքը հստակ է՝ կալանքը ծայրահեղ միջոց է, ոչ թե պատժի կանխավճար։ Սակայն ի՞նչ է մնում անմեղության կանխավարկածից, երբ մարդը տարիներ շարունակ զրկված է ազատությունից, իսկ դատարանը դեռ չի ասել իր վերջին խոսքը։

«Իրավունք»-ի ուշադրության կենտրոնում այս անգամ մի դատական գործ է, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում արդար դատաքննության, ողջամիտ ժամկետների եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Թե ինչու շուրջ յոթ տարի շարունակվող այս գործը դեռեւս դատավճիռ չունի, եւ ինչու է ամբաստանյալ Կորյուն Մուրադյանը շարունակում մնալ կալանքի տակ, ներկայացնում է նրա պաշտպան, փաստաբան ԳԱԳԻԿ ԹԱՎԱԴՅԱՆԸ:

— Պարոն Թավադյան, նախ կներկայացնե՞ք գործի էությունը եւ այն հանգամանքները, որոնք հանգեցրել են դատաքննության շուրջ յոթ տարի տեւող ձգձգմանը։

— Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԼԴ/0017/01/21 քրեական գործով իրականացնում եմ ամբաստանյալ Կ․Մ-ի պաշտպանությունը, ով դեռեւս 2020 թվականի մարտի 28-ից, այսինքն՝ ավելի քան 6 տարի 7 ամիս գտնվում է կալանքի տակ, սակայն դատաքննությունն առաջին ատյանում դեռեւս չի ավարտվել։ Տեւական այս կալանքի ժամկետը բացառիկ է եւ անթույլատրելի: 2021 թվականի մարտի 15-ից դատարանի վարույթում քննվող այս քրեական գործով 6 դատավոր է փոխվել, ինչը բացառիկ երեւույթ է։ Անդրադառնալով դատաքննության տեւական ժամկետին՝ նշեմ, որ դրա պատճառները մի քանիսն են։

Նախ, ինչպես նշեցի, այս քրեական գործով 6 դատավոր է փոխվել ու յուրաքանչյուր անգամ գործի քննությունը վերսկսվել է սկզբից։ Դատաքննության ձգձգման մյուս պատճառը ամբաստանյալ Կ․Մ-ի՝ դատական նիստերին ներկայացնելու հետ կապված խնդիրներն էին։ Բազմաթիվ դատական նիստերի նա չի ներկայացվել ուղեկցող ոստիկանական խմբի ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ։ Այս առնչությամբ պաշտպանական կողմը տարբեր ժամանակահատվածներում թե՛ անձամբ, թե՛ դատարանին միջնորդելու եղանակով դիմումներ է հասցեագրել ինչպես ՀՀ ոստիկանապետին, այնպես էլ Ներքին գործերի նախարարին, սակայն տեւական ժամանակ իրավիճակը չէր փոխվում։ Այս խնդիրներն առավելապես առկա են եղել 2022-2024 թվականներին։ Վերջին շրջանում ուղեկցման հարցը որոշակիորեն կարգավորվել է։

Դատաքննության ձգձգման մեկ այլ պատճառ է եղել վկաների եւ տուժողների ներկայությունն ապահովելու անհնարինությունը։ Դատարանը, պատշաճ ծանուցումներից հետո, երբ վկաները չեն ներկայացել դատական նիստերին, համապատասխան հանձնարարություններ է տվել ոստիկանությանը՝ նրանց ներկայությունն ապահովելու համար։ Սակայն այս հարցում եւս պարբերաբար խնդիրներ են առաջացել, քանի որ ոստիկանությունը չի կարողացել ապահովել վկաների ու տուժողների ներկայությունը։

— Դուք նշեցիք, որ Ձեր պաշտպանյալն արդեն ավելի քան վեց տարի յոթ ամիս գտնվում է կալանքի տակ։ Այսքան երկարատեւ կալանքը չի՞ հակասում ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սկզբունքին։ 

— Այն, որ գործի քննության ողջամիտ ժամկետները խախտվել են, այդ հանգամանքը դեռեւս շուրջ երեք տարի առաջ գործը քննող դատարանն էր արձանագրել՝ ընդունելի համարելով պաշտպանական կողմի այդ գնահատականը։ Սակայն դրանից հետո անցել է երեք տարի, եւ առաջին ատյանի դատարանում դատաքննությունը մինչ օրս ավարտված չէ։

Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալին ավելի քան 6 տարի 7 ամիս կալանքի տակ պահելուն, ապա այս առումով կնշեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված չափանիշներով այդ ժամկետը վաղուց հատել է ողջամտության սահմանները։ Չնայած կալանքի տեւողությանը զուգահեռ պետք է ավելի փաստարկված ու հիմնավոր լինեն անձին անազատության մեջ պահելու հիմքերն ու հիմնավորումները, սակայն մեր գործով, ունենք մի իրավիճակ, երբ ավելի քան 6 տարի 7 ամիս անձի կալանքը հիմնավորելու համար հղում են տալիս նույն փաստական տվյալներին, սակայն ժամանակ առ ժամանակ նույն փաստարկները մեկնաբանվում են տարբեր ձեւակերպումներով՝ այդ կերպ փորձելով կալանքի հիմնավորվածության պատրանք ստեղծել։ Նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են տեւական ժամկետով կալանավորված անձինք, դատարանները պարտավոր էին դրսեւորել պատշաճ ջանասիրություն եւ դատական նիստերը նշանակել շատ ավելի ինտենսիվ։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտպանական կողմից, ապա այս առումով նշեմ, որ մեր կողմից բազմիցս միջնորդություններ են ներկայացվել Կ․Մ-ի նկատմամբ ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու մասին, սակայն դատարանի կողմից մերժում ենք ստացել, որից հետո բոլոր որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարաններ։ Քանի որ ներպետական դատական ատյաններում հնարավոր չի եղել արդյունք գրանցել, մենք նաեւ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մեր դիմումը ՄԻԵԴ-ը ստացել է, այն կոմունիկացման փուլում է, սակայն դեռեւս դատական ակտ չունենք։ ՄԻԵԴ ներկայացված բողոքում այնպիսի խախտումների մասին է նշված, որ դրանք հաստատելու հավանականությունը շատ բարձր է։

Մանրամասները՝սկզնաղբյուր կայքում 

Այս թեմայով
am