Արյունալի հաշվեհարդար Երևանում․ շուրջ 30 կրակոց «Յաշիկի» ուղղությամբ, կա զոհ և վիրավոր 15-ամյա դեռահաս․ MegaNews-ի բացառիկ մանրամասները

Երևանում հերթական անգամ հնչած ինքնաձիգի կրակահերթերը փաստում են մեկ պարզ իրողություն՝ քրեական ենթամշակույթն ու կլանային հաշվեհարդարները շարունակում են մնալ մայրաքաղաքի փողոցներում անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Հուլիսի 18-ին Մուրացան փողոցում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որն ավարտվեց մեկ մարդու սպանությամբ և 15-ամյա դեռահասի վիրավորումով, սոսկ կենցաղային հողի վրա ծագած վեճ չէ. սա ընդգծված կլանային հաշվեհարդար է, որի արմատները տանում են դեպի քրեական աշխարհի ազդեցության գոտիների վերաբաժանում:

Մարտադաշտ հիշեցնող տեսարան և իրավապահների առաջին քայլերը

Պաշտոնական տվյալներով՝ դեպքի վայրում արձանագրվել է պատերազմական պատկեր. ինքնաձիգի տասնյակ պարկուճներ, արնանման հետքեր, գնդակոծված «Mercedes-Benz G-Class» («Յաշիկ») և այլ մեքենաներ։ Ավելին՝ հայտնաբերված մարտական նռնակը, որի վնասազերծման համար ներգրավվեցին սակրավորներ, հուշում է, որ հարձակումը եղել է կազմակերպված և ծրագրված՝ թիրախին ոչնչացնելու հստակ մտադրությամբ։

Թեև Քննչական կոմիտեն արդեն իսկ նախաձեռնել է քրեական վարույթ սպանության ու սպանության փորձի հատկանիշներով և կա մեկ ձերբակալված, սակայն հարցի իրավական կողմն ունի շատ ավելի խորը՝ կուլիսային շերտեր։

MegaNews-ի բացառիկ տեղեկությունները. ո՞վ էր հարձակման իրական թիրախը և ինչպե՞ս է գործում կրիմինալ սխեման

Մինչ իրավապահ մարմինները ձեռնպահ են մնում անուններ հնչեցնելուց, MegaNews-ին հաջողվել է պարզել շրջանառվող հիմնական և ամենահավաստի վարկածը։

Ով է թիրախը. Զինված հարձակման հիմնական թիրախը եղել է քրեական աշխարհում հայտնի, այսպես կոչված՝ «Պզոյի» կլանի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ «Գուգոն»։ Ազդեցությանգոտին. Ըստ մեր աղբյուրների՝ «Գուգոն» վերջին տարիներին լուրջ կշիռ է ձեռք բերել Էրեբունի վարչական շրջանում, մասնավորապես՝ Աթոյան փողոցի հարակից տարածքներում, որտեղ, կրիմինալ տերմինաբանությամբ ասած, «տիրություն է անում» կլանի շահերին ու տարածքային հավակնություններին։

Հարձակման մանրամասները ցույց են տալիս քրեական աշխարհի դաժան ու անհաշվենկատ ձեռագիրը։ Քանի որ թիրախը տեղաշարժվում է հատուկ զրահապատ ավտոմեքենայով, հարձակվողները նրան «վերցրել են» այն պահին, երբ նա եղել է մեքենայից դուրս՝ անպաշտպան։

Արձակված շուրջ 30 կրակոցների արդյունքում թիրախը ողջ է մնացել, սակայն սպանվել է նրա կողքին գտնվող երիտասարդը (ով, ըստ լուրերի, նույնպես հարում էր այդ կլանին)։ Բայց ամենաողբերգականն այն է, որ փողոցային այս «ռազբորկայի» արդյունքում վիրավորվել է անմեղ 15-ամյա դեռահաս, ինչը հերթական անգամ ապացուցում է՝ երբ կրիմինալը դուրս է գալիս փողոց, հանրային անվտանգությունը զրոյանում է։

MegaNews-ի դիտարկումը

Այս դեպքը սովորական քրեական քրոնիկոն չէ, այլ ահազանգ՝ ուղղված իրավապահ համակարգին։ Փողոցային ազդեցության գոտիների բաժանումը, «տիրություն անելու» արատավոր բարքերն ու ցերեկային ժամերին ինքնաձիգներով հաշվեհարդարները վերադարձնում են մեզ դեպի «մութ 90-ականների» ամենավատ ավանդույթները։

Իրավապահները շարունակում են լայնածավալ գործողությունները, սակայն հանրության սպասելիքը մեկն է՝ ոչ միայն հանցագործների հայտնաբերումը, այլև նմանատիպ կլանային սխեմաների արմատախիլ արումը, որպեսզի Երևանի փողոցները դադարեն լինել քրեական հաշվեհարդարների թատերաբեմ։

MegaNews-ը հետևողական է լինելու քննության ընթացքին և կներկայացնի նոր մանրամասներ:

Մարգարիտա Դավթյան 

Այս թեմայով
am