18–ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, քանի որ նրա վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, հայտարարեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակին։
Նշենք, որ այսօր առավոտյան Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ–ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ. «Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,-ասել էր ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Դրանից քիչ անց Դավիթի ինքնազգացողությունը վատացել էր և նրան տեղափոխել էին «Աբովյան» ԲԿ։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։