Ամեն բան կհաղթահարվի եկեղեցու, հավատավոր ժողովրդի հաղթանակով. այն օրհնությունները, որ Աստված պահել է այս ազգի համար, դեռ առջևում են. Տեր Մուշե
Ուրբաթ օրը Մասյացոտնի ու Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական ժամերգության կմեկտեղվեն Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում։
Ապարանի «Սուրբ Խաչ» եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ թե ինչ-որ տագնապ ունեն, որ միասնական աղոթքի են մեկտեղվում երկու թեմերով, այլ միաբանական եղբայրներով հավաքվում են աղոթքի։
«Մեր բուն նպատակն է մեր աղոթքը բարձրացնել առ Աստված հանուն մեր հայրենիքի, հանուն մեր Մայր եկեղեցու, հանուն մեր հայ ժողովրդի։ Վերջին ժամանակներում աշխարհում կատարված այս թոհուբոհի մեջ Աստված թող անսասան պահի հայոց սահմանները, հայ ազգին, մեր երկիրը, սա է բուն նպատակը։ Աղոթքի մեջ որքան շատ մարդ, այնքան ավելի շատ աղոթք երկինք բարձրացող»,- նշեց Տեր Մուշեն։
Տեր Հայրը վստահ է՝ այն փորձությունները, որ այսօր ծառացած են Հայ Առաքելական սուրբ եկեղեցու առջև, հաղթահարվելու են։
«Ամեն բան կհաղթահարվի եկեղեցու հաղթանակով, հավատավոր ժողովրդի հաղթանակով, բայց սա այն պահը չէ, որ մենք ինչ-որ պայքարի ենք դուրս եկել, պատերազմ է ու մենք պետք է հաղթանակենք, ո՛չ, դա մեր առաքելությունն է, մենք պարտավոր ենք մեր սրբություններին, մեր ազգային եկեղեցական արժեքներին տեր կանգնել, հավատարիմ մնալ հայի տեսակին, հայի որակին, որովհետև դա մենք չէ, որ ձեռք ենք բերել, այլ մեր նախնիներից մեզ փառավոր ձևով, որպես ժառանգություն փոխանցվել է, մենք էլ պարտավոր ենք այն անվնաս պահել, հասցնել գալիք սերնդին։ Սա մեր անցնելիք ճանապարհն է ու եթե այդ ճանապարհին հանդիպում ենք դժվարությունների, անսասան այդ դժվարությունները հաղթահարելով գնում ենք առաջ»,- ընդգծեց Տեր Մուշե քահանա Վահանյանը։
Մեծ Պահքի այս շրջանում Տեր Մուշեն կոչ է անում ավելի շատ կարդալ Աստվածաշունչ, կարդալ եկեղեցական հայրերի խորհուրդները, հորդորները, որպեսզի մեր մեջ միշտ քրիստոնյա հայի շունչը արթուն մնա։
«Քրիստոնյա հայի շունչը Աստծո շունչն է, դրա համար մենք միակ ազգն ենք, որ Աստվածաշունչը թարգմանելուց անունը չդրեցինք պարզապես Սուրբ Գիրք կամ Գրքերի Գիրք։ Աստվածաշունչը մեզ համար մեր շնչառությունն է, մեր դեմքի գույնն է, մեր կենսակերպն է, մենք մեզ ոչ թե միայն ազգ ենք համարում, այլ, իսկապես, Աստծո պատկերն ենք համարում, որովհետև այս ազգի համար Աստված շատ բացառիկություններ է արել, մենք հավատում ենք, որ Աստված յուրահատուկ սեր է ցույց տվել այս ազգի հանդեպ, ու մենք պարտավոր ենք այդ սերը, որպես կյանք, միշտ կենդանի պահել մեր ազգի մեջ։
Դրա համար, եթե կան մարդիկ, որոնք ունեն այդ նախանձախնդրությունը, ուզում են իրենց այդ տեսակը, որակը պահեն ու աշխարհի մեջ նորից ներկայանան որպես պատմական հայ ժողովուրդ, իմ խնդրանքն է, որպեսզի Պահեցողության այս օրերի մեջ մեկ անգամ ավել կարդան Աստվածաշունչը, կարդան եկեղեցական հայրերի խրատները, կարդան իրենց պատմությունը, որպեսզի այդ օրինակով զորանան։
Կարդան պատմությունը ու ոչ թե ելնեն այդ պատմության դեմ, այլ կարդալով պատմությունը՝ տեսնեն, թե իրենց նախնիներն ինչ սխրանքներով, բայց պահեցին այս ազգն ու ժողովուրդը որպես հավաքական մի ժողովուրդ, որ ապրեց մինչև այսօր ու դեռ կապրի դրանից հետո էլ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ, որովհետև այն օրհնությունները, որ Աստված պահել է այս ազգի համար, դեռ առջևում են, լինենք արժանի ու տեսնենք այդ օրհնություններն ու նաև այդ օրհնությունների մեջ մեր բաժին լուման ունենանք, եթե Աստված կհամաձայնի մեր ժամանակներում դա կատարել, թույլ տանք Աստված մեզ վստահի»,- հավելեց Տեր Մուշե քահանա Վահանյանը։