«Ինտելեկտուալ հայրենադարձություն». երբ Սփյուռքը դառնում է մտավոր ուժ
Հայկական Սփյուռքը երբեք այսքան մեծ չի եղել թվով, բայց գուցե երբեք այսքան մասնատված չի եղել մտքով։ Աշխարհի առաջատար համալսարաններում, գիտահետազոտական կենտրոններում, միջազգային կազմակերպություններում և խոշոր ընկերություններում աշխատում են հարյուրավոր բարձրակարգ հայ մասնագետներ։ Սակայն նրանք հաճախ չեն ճանաչում միմյանց, չեն համագործակցում և չունեն միասնական հարթակ, որտեղ կարող են իրենց ինտելեկտուալ ներուժը համադրել ազգային օրակարգի շուրջ։
Այս խնդրի լուծման նոր մոտեցում է առաջարկում Pan-Armenian Intellectuals Platform-ի հիմնադիր-ղեկավար Գեւորգ Մանուկյան-ը՝ առաջ քաշելով «ինտելեկտուալ հայրենադարձության» գաղափարը։
Երբ «հայաշատ» լինելը բավարար չէ
Գեւորգ Մանուկյանը, մասնագիտությամբ իրավաբան, երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում և աշխատում է Լոս Անջելեսի մարզի գործադիր համակարգում։ Միաժամանակ նա զբաղվում է անձի զարգացման մարզումներով։ Նրա դիտարկմամբ՝ նույնիսկ բազմահազարանոց հայկական համայնք ունեցող Լոս Անջելեսում հայ լինելը դեռևս չի երաշխավորում ազգային ինքնության պահպանումը։
Խնդիրը, ըստ նրա, ֆիզիկական ձուլումը չէ։ Այն ավելի խորն է՝ ինտելեկտուալ և հոգեբանական։
Սփյուռքում ապրող շատ հայեր ապրում են նյութապես ապահով, բայց ներքին տագնապներով։ Ավանդական ընտանեկան արժեքները բախվում են արևմտյան անհատականության մոդելին։ Երեխաները մեծանում են երկմշակութային միջավայրում՝ մի կողմից ամերիկյան հաջողության մոդելը, մյուս կողմից հայկական ընտանեկան ավանդույթները։ Արդյունքում առաջանում են ինքնության ճգնաժամեր, ընտանեկան լարվածություններ, սերունդների միջև խզումներ։
Հենց այստեղ է, որ Մանուկյանը տեսնում է «ինտելեկտուալ հայրենադարձության» անհրաժեշտությունը։
Բարեգործությունից՝ համակարգված համագործակցության
Մինչ այժմ Սփյուռք–Հայաստան կապը հաճախ սահմանափակվել է բարեգործությամբ, դրամահավաքներով կամ զբոսաշրջային այցելություններով։ Սակայն ինտելեկտուալ կապիտալը մնում է չհամակարգված։
Պլատֆորմի գաղափարն է՝ ստեղծել համաշխարհային հայկական մտավոր ցանց, որտեղ Լոս Անջելեսի տնտեսագետը, Լոնդոնի բժիշկը, Բեռլինի գիտնականը կամ Երևանի ծրագրավորողը կարող են միավորվել կոնկրետ նախագծերի շուրջ։
Կարճ ժամանակում հարթակին միացել են մասնագետներ ԱՄՆ-ից, Լիբանանից, Գերմանիայից, Կանադայից, Սիրիայից և Հայաստանից։ Նրանց թվում են բժիշկներ, իրավաբաններ, հոգեբաններ, գիտնականներ, արվեստագետներ։
Վերջերս համագործակցության հուշագիր է ստորագրվել Բըրբանքում գործող Armenian Business Corner Culture Palace-ի և Sahak Yan Art Gallery-ի հետ։ Գեղարվեստական ղեկավար Սահակ Սահակյան-ը և Գեւորգ Մանուկյանը նախատեսում են կրթական ու մշակութային համատեղ ծրագրեր իրականացնել Կալիֆոռնիայի հայ համայնքում։
Մշակութային երկփեղկվածություն. արվեստագետների ահազանգը
Ամերիկաբնակ հայտնի գեղանկարիչ Հովիկ Քոչինյան-ը բարձրացնում է սերունդների ինքնության խնդիրը։ Նրա խոսքով՝ երիտասարդները ապրում են երկմշակութային ճնշման ներքո, իսկ ընտանիքները հաճախ մենակ են մնում այդ մարտահրավերի առաջ։
Նման մտահոգություն է հայտնում նաև նկարիչ Նիկոլ Աղաբաբյան-ը, ով տարիներ ԱՄՆ-ում բնակվելուց հետո վերադարձել է Հայաստան։ Նրա համոզմամբ՝ Սփյուռք–Հայաստան կապը պահպանելու համար անհրաժեշտ է համակարգված ինտելեկտուալ աշխատանք, այլ ոչ միայն հուզական կապ։
Ազգային ինքնություն՝ արդիականացման միջոցով
Մանուկյանի տեսլականը պահպանողական մեկուսացում չէ։ Նա առաջարկում է հակառակը՝ վերցնել արևմտյան արժեքների ուժեղ կողմերը և դրանք ներդնել հայկական մշակութային միջավայրում։
«Մենք պետք է ժամանակակից դարձնենք հայկականությունը՝ չկորցնելով դրա առանցքը»,– ասում է նա։
Օրինակ բերելով Շառլ Ազնավուր-ին և Քըրք Քըրքորյան-ին՝ Մանուկյանը շեշտում է, որ ազգային ինքնությունը կարող է ոչ թե խոչընդոտել, այլ լրացուցիչ որակ դառնալ միջազգային հաջողության ճանապարհին։
Առցանց ցանցից՝ գլոբալ համակարգ
Այս պահին հարթակը գործում է առցանց ձևաչափով՝ մասնակիցների միջև «Zoom» հանդիպումներով։ Քննարկվում են տարբեր երկրներում հայկական ընտանիքների խնդիրները, կազմակերպվում են մասնագիտական դասախոսություններ, փորձի փոխանակումներ։
Սակայն հեռահար նպատակը ավելի լայն է՝ ձևավորել համաշխարհային հայկական ինտելեկտուալ ցանց, որը կջնջի աշխարհագրական սահմանները Սփյուռքի և հայրենիքի միջև։
Հարթակին վերջերս միացել է նաև ջութակահարուհի և նկարչուհի Մանան Գարուկյան-ը, որը նշանակվել է Հայաստանի մասնաճյուղի արվեստի և մշակույթի հարցերով
«Ինտելեկտուալ հայրենադարձություն»՝ որպես կանխարգելիչ ռազմավարություն
Պլատֆորմի առանցքային գաղափարը կանխարգելումն է։ Մանուկյանի համոզմամբ՝ ժամանակակից գլոբալ աշխարհը արագ է փոխվում, և եթե ազգային ինքնությունը չհամապատասխանեցվի նոր իրականությանը, այն կարող է աստիճանաբար քայքայվել։
Ուստի նպատակը ոչ թե փակվելն է, այլ գիտակցված ինտեգրումը՝ պահպանելով ազգային ինքնությունը, ձևավորելով կրթված, առաջադեմ և պատասխանատու հայկական միջավայր։
Եթե հաջողվի ստեղծել միասնական ինտելեկտուալ ցանց, ապա հայկական Սփյուռքը կարող է վերածվել ոչ թե պարզապես աշխարհագրականորեն ցրված համայնքների, այլ համադրված մտավոր ուժի՝ իրական ազդեցությամբ թե՛ հայրենիքում, թե՛ աշխարհում։
Եվ գուցե հենց այդտեղից էլ սկսվի ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր վերադարձը հայրենիք։
Մարգարիտա Դավթյան
Meganews.am