Սուրեն Պապիկյանի հրահանգով կալանավորվածներն ազատվել են

Նախընտրական շրջանում՝ մայիսի 16-ին, Տաշիրը մերժել էր ՔՊ-ին՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացած քարոզարշավի ժամանակ: Քաղաքացիները վանկարկել էին՝ «Սամվել, վարչապետ», ՔՊ միտինգին ներկայացել էին «Ուժեղ Հայաստանի» դրոշներով, փորձել էին փակել ինչ-որ մեքենայի ճանապարհը, ինչը զայրացրել էր Սուրեն Պապիկյանին։ Նա ոստիկանություն էր կանչել, եւ 10 անձի բերման էին ենթարկել: 10 ընդդիմադիր քաղաքացու ձերբակալությունը բացատրեցին «Նորաշեն եւ Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու» հանգամանքով: Քննչական կոմիտեն անմիջապես վարույթ նախաձեռնեց, այդ անձանց որպես մեղադրյալ ներգրավեցին: 10 անձից 6-ի դեպքում դատարանը բանտային կալանք սահմանեց, 4-ին՝ տնային կալանք։ Հաղորդեցին, որ «կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»։

Պարզվում է՝ այդ գործով ոչ թե 10, այլ 13 մեղադրյալ կա։ Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ նախաքննությունը շարունակվո՞ւմ է, փոխվե՞լ են խափանման միջոցները։ «13 մեղադրյալ է, որից 2-ի խափանման միջոցը տնային կալանք է, մյուսներինն այլընտրանքային խափանման միջոցներ են, նախաքննության փուլում է»։ Մեղադրյալներից 3-ի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Զորի Բաբայանը, որը մեզ ասաց, որ մեղադրյալների խափանման միջոցները փոխվել են, մի քանիսն ի սկզբանե կալանավորված է եղել 1 ամսով, երբ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ կալանքը երկարացնելու համար, դատարանը մերժել է։

 

Այս թեմայով
am