Քրեական ենթամշակույթի բացահայտ մարտահրավերը պետությանը
Այսօր Աջափնյակում-ում հնչած կրակոցները արդեն պարզապես հերթական քրեական միջադեպը չեն․ սա հանրային անվտանգության համակարգային ճգնաժամի ահազանգ է։ Մեկ մարդ զոհվել է, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ հիվանդանոցում են, նրանցից երկուսի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Այս թվերը վիճակագրություն չեն․ դրանք պետական անգործության ու տարիներով կուտակված անպատժելիության հետևանք են։
Քաղաքի բնակելի թաղամասում զանգվածային կրակոցներ հնչելը նշանակում է, որ քրեական ենթամշակույթը ոչ միայն գոյություն ունի, այլ իրեն զգում է բավականաչափ ազատ ու համարձակ՝ բացահայտ ուժ ցուցադրելու համար։ Սա արդեն իրավապահների օպերատիվ բացթողման հարց չէ միայն։ Սա քաղաքական կամքի, կանխարգելիչ աշխատանքի և համակարգային պայքարի բացակայության խնդիր է։
Տարիներ շարունակ խոսվում է «գողական մտածողության» դեմ պայքարից, ընդունվում են օրենքներ, արվում են հայտարարություններ։ Բայց իրականությունը ցույց է տալիս, որ այդ պայքարը հատվածական է և իրավիճակային։ Ամեն աղմկահարույց կրակոցից հետո լսում ենք կոշտ գնահատականներ, սակայն հանցավոր միջավայրի վերարտադրության մեխանիզմները շարունակում են գործել՝ անխափան։
Հարցը միայն այն չէ, թե ով կրակեց։ Հարցը այն է, թե ինչու է նման միջավայր ձևավորվում և պահպանվում։ Ինչու է հնարավոր, որ հաշվեհարդարները շարունակվեն նույն սցենարով՝ դանակահարություն, կրակոց, վիրավորներ, զոհեր։ Երբ հանցավոր հեղինակությունը դեռ որոշ շրջանակներում ընկալվում է որպես ազդեցություն, իսկ պետության արձագանքը՝ որպես ուշացած արձանագրում, նման ողբերգությունները դառնում են կանխատեսելի։
Եթե այս դեպքը ևս սահմանափակվի մեղավորների հայտնաբերմամբ և մեկ-երկու կոշտ հայտարարությամբ, ապա համակարգը ոչինչ չի փոխի։ Պետք է անզիջում, հետևողական և երկարաժամկետ քաղաքականություն՝ սկսած կրթական ու սոցիալական միջավայրից մինչև իրավապահ համակարգի խորքային վերանայում։ Հակառակ դեպքում յուրաքանչյուր նոր կրակոց պարզապես հերթական գլխագրի նյութ կդառնա, մինչդեռ իրականում դա պետության վերահսկողության կորուստի հերթական ապացույցն է։
Մարգարիտա Դավթյան
Meganews.am