«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել եմ 2026-ի համամասնական ցուցակում.Տիգրան Գաբրիելյան
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը գրում է.
Հարգելի կուսակից ընկերներ, պատվիրակներ,
Սիրով տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ընդգրկվել եմ 2026 թվականի Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։
Սա ինձ համար երկար տարիների պետական ու համայնքային աշխատանքի տրամաբանական շարունակություն է։
Փոքրիկ ակնարկ իմ՝ պետական պաշտոններում աշխատանքային գործունեության վերաբերյալ․
2018 թվականից աշխատել եմ տարբեր պատասխանատու պաշտոններում՝ ծառայելով պետությանն ու ներդնելով ջանքերս երկրի զարգացման գործում։
2018–2019 թվականներին ստանձնել եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը։ Այս ընթացքում կենտրոնացել եմ գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետության բարձրացման վրա՝ աշխատելով գյուղացու իրական խնդիրների, պետական աջակցման մեխանիզմների պարզեցման և ոլորտում կայուն մոտեցումների ձևավորման ուղղությամբ։
2019–2022 թվականներին աշխատել եմ որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Այս փուլում իմ գործունեության առանցքում եղել է գյուղատնտեսության ոլորտը, նրա քաղաքականության զարգացումը՝ միտված վերջինիս ծրագրերի բարելավմանը, և անասնաբուժության ոլորտը, որտեղ շեշտը դրվել է կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը։
2022–2025 թվականներին զբաղեցրել եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնը։ Այստեղ իմ հիմնական ուշադրությունը ուղղված է եղել շրջակա միջավայրի պահպանությանն ու բնական ռեսուրսների պատասխանատու կառավարմանը, երկարաժամկետ բնապահպանական քաղաքականությունների մշակմանը և կայուն զարգացման սկզբունքների ներդրմանը, որտեղ կարևորագույն ձեռքբերում եմ համարում բնապահպանական թույլտվությունների ամբողջական թվայնացումը։
2025 թվականի հոկտեմբերի 15-ին նշանակվել եմ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։ Այսօր իմ աշխատանքը առավել մոտ է մարդկանց առօրյային․ այստեղ ես տեսնում եմ քաղաքային կյանքի իրական մարտահրավերները՝ բակերից ու շենքերից մինչև սոցիալական ու համայնքային խնդիրներ։
Շենգավիթում աշխատանքն ամենօրյա հիշեցում է, որ պետական քաղաքականությունը արժեք ունի միայն այն դեպքում, երբ այն զգացվում է անմիջապես քաղաքացու կյանքում։
Այս բազմաշերտ տարիների ընթացքում որդեգրած իմ քաղաքական ու հասարակական հայացքները հանգեցրել են հետևյալին՝
Իրական փոփոխությունները սկսվում են այնտեղ, որտեղ կա պատասխանատվություն խոսքի և գործի միջև։
Որոշումները պետք է կայացվեն՝ գիտակցելով երկարաժամկետ արդյունքները, և որ ամենակարևորն է, չվախենալով և չխուսափելով խոչընդոտներից։
Պետական համակարգի արդյունավետ աշխատանքը պետություն-քաղաքացի համատեքստում է։
Ինձ համար սկզբունքային է նաև սոցիալական արդարությունը և համայնքային խնդիրների դերը համապետական օրակարգում։
Այս համոզմունքներով եմ շարունակում իմ ճանապարհը՝ գիտակցելով, որ քաղաքական պատասխանատվությունը սկսվում է լսելուց, շարունակվում է աշխատելով և ամրապնդվում է՝ հաշվետու լինելով ժողովրդի առաջ։
Ես հավատում եմ, որ փոփոխությունները հնարավոր են միայն համատեղ աշխատանքի և փոխադարձ վստահության միջոցով։ Այս ճանապարհին պատրաստ եմ շարունակել աշխատել նույն սկզբունքներով։
Շնորհակալ եմ վստահության քվեի և աջակցության համար։