Երգելու տաղանդի հարց կա, բայց հետաքրքիր էլեմենտ կմտնի միօրինակ առօրյայում. Փաշինյանի առաջարկով օրհներգը կենդանի կատարելու համար պետական հիմնարկներն էլ կարող են իրենց երգչախումբն ունենալ

Կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգի որոշումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ տրամաբանությունը պարզ է․ պետական մարմինների  միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ։

«Սա նշանակում է, որ մի շարք գերատեսչություններում պետք է ունենան նվագախմբեր, երգչախմբեր, իսկ նրանք, ովքեր չունեն, թող հրավիրեն, որ կատարեն։ Եթե այնպիսի միջոցառում է, որ օրհներգը պետք է հնչի, նշանակում է՝ այդ միջոցառումը որոշակի բյուջե էլ ունի, կարելի է այդ միջոցառման այլ ատրիբուտներից քիչ ծախսել և ուղղել դրան։ Սա մշակույթի, երաժշտության զարգացման ոլորտում ներդրում է»,- ասաց նա։

Վարչապետն ավելացրեց նաև․

«Մանկապարտեզների և դպրոցների դեպքում, երբ ասում ենք՝ սաները կարող են կատարել, պետական հիմնարկներում ևս կարող են ունենալ երգչախմբեր, որոնք կարող են պետական օրհներգը կատարել, և կարծում եմ՝ շատ գեղեցիկ կլինի։ Իհարկե, մի քիչ երգելու ընդունակության և տաղանդի հարց կա, բայց, կարծում եմ՝ ևս մեկ հետաքրքիր էլեմենտ կմտնի պետական համակարգում աշխատելու երբեմն միօրինակ առօրյայի մեջ, չնայած այն գնալով ավելի ու ավելի պակաս միօրինակ է դառնում»։

Այլ կառույցներում էլ ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է և տեղադրված է պաշտոնական կայքերում․ դրանցից դուրս օրհներգի տարբերակներ միացնելը պարզապես արգելվում է։

Փաշինյանը նշեց, նրանք ովքեր չուզենան օգտվել օրհներգի ճիշտ տարբերակից՝ կհետևի պատասխանատվությունը։

Նա հանձնարարեց, որ օրհներգի լավ հոլովակ նկարել։

Այս թեմայով
am