«Խաղաղության մրցանակ» և ցմահ դատավճիռներ․ Ալիևի ռեժիմի իրական դեմքը
Երեկ Աբու Դաբիում Իլհամ Ալիևը ստանում էր «խաղաղության մրցանակ»՝ միջազգային հարթակներում ներկայացվելով որպես կայունության և հաշտության խորհրդանիշ։ Սակայն այսօր նույն այդ «խաղաղարարի» ղեկավարած պետությունում հրապարակվեցին Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռները՝ ցմահ ազատազրկում։ Այս հակադրությունը ոչ թե պատահական զուգադիպություն է, այլ Ադրբեջանի իշխանությունների քաղաքական էության բացահայտ դրսևորում։
Խաղաղության մասին խոսքերը Ալիևի ռեժիմի համար վաղուց վերածվել են արտաքին սպառման համար նախատեսված շղարշի։ Իրականում, խաղաղության հռետորաբանության ներքո Բաքուն իրականացնում է հաշվեհարդար, պատանդառություն և քաղաքական վրեժխնդրություն։ Արցախի ղեկավարների դեմ իրականացված դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության ոչ մի չափանիշի․ դրանք անցկացվել են փակ, վերահսկվող պայմաններում՝ միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների բացահայտ խախտումներով։
Այս դատավճիռները ոչ միայն անհատների դեմ են ուղղված։ Դրանք ուղերձ են՝ հասցեագրված ամբողջ հայ ժողովրդին և միջազգային հանրությանը․ Ադրբեջանի իշխանությունները խաղաղությունը պատկերացնում են որպես պարտադրված լռություն, իսկ իրավունքը՝ որպես ուժի սպասարկման գործիք։ Ցմահ ազատազրկման դատապարտելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին՝ Ալիևի ռեժիմը փորձում է վերաշարադրել պատմությունը և կոտրել ինքնորոշման գաղափարի կրողներին։
Երբ միջազգային հարթակներում պարգևատրվում են նման ռեժիմներ, «խաղաղության մրցանակ» հասկացությունն ինքնին արժեզրկվում է։ Իսկ լռությունը նման դատավճիռների նկատմամբ դառնում է դրանց լուռ արդարացումը։ Ալիևի ստացած մրցանակն ու Բաքվի կայացրած դատավճիռները միասին ձևավորում են մեկ ամբողջական պատկեր՝ քաղաքական ցինիզմի, երկակի ստանդարտների և անպատժելիության։
Խաղաղությունը չի կարող կառուցվել բանտերով, շինծու դատերով և ցմահ դատավճիռներով։ Իսկ այն մրցանակները, որոնք անտեսում են այս իրականությունը, այլևս խաղաղության մասին չեն խոսում։
Մարգարիտ Դավթյան
Մեգանյուզ լրատվական