Սասուն Միքայելյանի վերադարձը քաղաքական առաջնագիծ․ ՔՊ ընտրացուցակի առանցքային դեմքերից մեկը

Մամուլը այսօր ակտիվորեն քննարկում է, որ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ ՔՊ վարչությունը նախօրեին հավանություն է տվել նրա թեկնածությանը։

 

Ըստ հրապարակումների՝ Սասուն Միքայելյանը մասնակցել է ՔՊ վարչության նիստին, որի ընթացքում քննարկվել է նրա առաջադրումը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ 20 անդամից բաղկացած վարչության նիստում հարցեր գրեթե չեն հնչել։ Միակ հարցը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հետաքրքրվելով՝ անհրաժեշտության դեպքում արդյոք Միքայելյանը պատրաստ է հրաժարվել պատգամավորական մանդատից։ Վերջինս պատասխանել է, որ մանդատը իր համար ինքնանպատակ չէ և անհրաժեշտության դեպքում պատրաստ է հրաժարվել դրանից։ Դրանից հետո վարչության անդամների ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել նրա թեկնածությանը։

«Մեգանյուզ»-ի խմբագրական դիտարկմամբ՝ Սասուն Միքայելյանի ընդգրկումը ՔՊ 2026 թվականի ընտրական ցուցակում քաղաքական տեսանկյունից օրինաչափ քայլ է։ Միքայելյանը հանդիսանում է 2018 թվականի հեղափոխության ակունքներում կանգնած գործիչներից մեկը և այն առանցքային դեմքերից, որոնց դերակատարումը շարունակական է եղել հետհեղափոխական գործընթացներում։

 

Նրա ներկայությունը ընտրացուցակում դիտարկվում է ոչ միայն որպես անձնական քաղաքական առաջադրում, այլ նաև որպես ուղերձ՝ հեղափոխական թիմի ձևավորման և արժեքային շարունակականության մասին։ Այս համատեքստում Սասուն Միքայելյանը շարունակում է մնալ կարևոր ֆիգուր՝ իր փորձով, անցած ճանապարհով և քաղաքական ներգրավվածությամբ։

Մ.Դ. 

Մեգանյուզ խմբագրական 

 

Այս թեմայով
am