Ես էլ կարող եմ ասել` կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևանը. Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Ձևակերպումը այդպես է, չէ՞. ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոկչա։ Չեմ կարծում, թե Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոկչա, բայց միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, և իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։
Ես էլ կարող եմ ասել` կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևանը։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք, մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Խոսենք իրական Հայաստանի, իրական՝ այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։
Ասում եք` ապակառուցողական նարտիվներ, քայլեր, գնահատականներ։ Լավ, բայց մյուս կողմից եկեք նայենք` իրականում ինչ կա։ Կա ստորագրություն Ալմա-Աթայի հռչակագրով սահմանների փոխադարձ ճանաչման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ Ինձ համար՝ որպես կառավարության անդամի, սրա կշիռը անհամեմատ ավելի մեծ է»։