Ալեն Սիմոնյան․ «Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի կարող չհրապարակվել, քննարկվում է ձևաչափը»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի չհրապարակման միտում չկա։ Նրա խոսքով՝ զեկույցի հրապարակումը անխուսափելի է, սակայն քննարկվում է դրա ներկայացման ձևաչափը։

 

«Մամուլում տեղ գտած պնդումները, թե իբր զեկույցը չի հրապարակվելու, սխալ են։ Խոսքը զեկույցը չհրապարակելու մասին չէ, այլ այն մասին, թե ինչ ձևով այն պետք է հրապարակվի։ Այն միանշանակորեն հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել։ Հարցն այն է, թե ինչ ֆորմատով դա պետք է արվի», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը։

 

Նրա խոսքով՝ անգամ եթե զեկույցը ներկայացվի ԱԺ լիագումար նիստում, այն, ամենայն հավանականությամբ, կլինի փակ ձևաչափով՝ ելնելով զեկույցում առկա հնարավոր գաղտնի տեղեկատվությունից։

 

«Չի կարելի բացառել, որ զեկույցում լինեն տեղեկատվություն, որը վերաբերում է մեր Զինված ուժերին, և այն չի կարող հնչել ուղիղ եթերում։ Հետևաբար՝ նույնիսկ լիագումար նիստում քննարկման պարագայում այն կլինի փակ նիստի ձևաչափով։ Այնուամենայնիվ, զեկույցը հասանելի կլինի, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների համար, ովքեր կարող են ծանոթանալ դրան խորհրդարանի գաղտնի բաժնում», – ընդգծեց ԱԺ նախագահը։

 

Սիմոնյանը նաև արձագանքեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանություններին, ըստ որոնց՝ զեկույցը պետք է ներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստին։

 

«Ես անձամբ հարցում եմ արել ԱԺ կանոնակարգ օրենքի մեկնաբանության վերաբերյալ և ստացել երեք նույնական պատասխան։ Այս հարցում տարբեր մեկնաբանություններ կան, բայց որևէ անձնական լարվածություն կամ հակասություն պարոն Քոչարյանի հետ չկա», – ասաց Սիմոնյանը։

 

ԱԺ նախագահի խոսքով՝ խորհրդարանի կանոնակարգ-օրենքը հստակ է՝ քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման ձևաչափի մասին, և դրա հրապարակման գործընթացը կիրականացվի օրենքի շրջանակում՝ անհրաժեշտ ձևով։

 

Այս թեմայով
am