Երբ թշնամին գալիս է ներսից․ Ինչու չենք տեսնում մեր գլխին կախված վտանգը
Մինչ մեր շուրջը ամեն ինչ փոխվում է՝ Սահմանադրությունից մինչև ինքնություն, հասարակության մի հատված շարունակում է ապրել ասֆալտի, ներկված պատերի ու կեղծ բարեկեցության պատրանքում։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, միայն քաղաքական կամ տարածաշրջանային ճգնաժամ չէ։ Դա ազգային ինքնության աստիճանական մաշում է։ Եվ ցավալին այն է, որ այդ մաշումը հաճախ ուղեկցվում է հանրային անտարբերությամբ։
Վերջին տարիներին մենք ականատես եղանք կորուստների, որոնց խորությունը դեռ լիարժեք չի գիտակցվել։ Տարածքներ, հազարավոր կյանքեր, ազգային արժանապատվություն՝ այս ամենը հնարավոր եղավ կորզել նաև այն պատճառով, որ մեծ թվով մարդիկ՝ մտքում ունենալով միայն իրենց շրջապատի բարելավված ճանապարհը կամ նորոգված մանկապարտեզը, դադարեցին տեսնել ամբողջական պատկերը։ Իսկ պատկերը մտահոգիչ է։
Սահմանադրության նկատմամբ հարգանքի բացակայությունը, երբ հենց վարչապետն է այն խախտում, ոչ թե տեխնիկական սխալ է, այլ արժեքային ու քաղաքական ձախողում։ Եվ երբ սրբազանների կամ մտավորականների՝ հաճախ արդարացի քննադատության համար գործի են դրվում դատական մեխանիզմները, դա արդեն խոսում է ազատ խոսքի և բարոյական կոդերի անկման մասին։
Միաժամանակ, հասարակության մի մասը, կարծես, կորցրել է ազգային սիմվոլների ու արժեքների հանդեպ հետաքրքրությունը։ Մեսրոպ Մաշտոցը փոխարինվում է ժամանակակից հեղինակներով, Մասիսը՝ այլ լեռներով, Ցեղասպանության հիշատակումը՝ անխնա բարեկամության կենացներով։ Բայց հարցն այն չէ՝ ով է պատին կախված կամ այբբենարանի էջերին։ Հարցն այն է՝ ի՞նչ է դաստիարակվում այս փոփոխություններով։ Ի՞նչ հասարակություն ենք ձևավորում, երբ ազգային հիմնասյուները դառնում են երկրորդական։
Այս ամենի արմատը պետական քաղաքականության մեջ է։ Երբ պետությունը դադարում է քարոզել ազգայինը, երբ դպրոցներում չի ուսուցանվում ոչ թե պարզապես պատմությունը, այլ՝ ազգային գիտակցությունը, ապա սերունդներն էլ չեն տեսնում կարևոր տարբերությունը «մեկ է»-ի ու «միանշանակ չէ»-ի միջև։
Հատկապես այսօր, երբ քննարկվում է Սահմանադրության փոփոխությունը՝ Ալիևի օրակարգով, երբ սպառնում են հրաժարվել Անկախության հռչակագրի հիմունքներից, երբ Մեղրիով թուրքական անարգել անցում է նախատեսվում՝ չենք կարող մեզ թույլ տալ այդպիսի անտարբերություն։ Քաղաքացու անտարբերությունը դառնում է պետականության դեմ ուղղված անուղղակի մասնակցություն։
Եվ վերջապես, հարկ է բարձրաձայնել մի պարզ ճշմարտություն՝
Եթե չենք գնահատում մեր ազգային արժեքներն ու անկախությունը, շատ շուտով կզրկվենք երկուսից էլ։
Մարգարիտա Դավթյան