Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքն արդեն 5 օր է՝ աշխատում է մասամբ։ Կայքում հնարավոր չէ մուտք գործել հայտարարագրերի ռեեստր, որտեղ հրապարակվում են պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը։ Բանն այն է, որ հունիսի 1-ին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվել էր։ ԿԿՀ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ կայքում առկա է տեխնիկական խնդիր, եւ հնարավոր չէ ժամկետներ նշել, թե երբ հայտարարագրերի ռեեստրը նորից հասանելի կդառնա։
Հետաքրքրվել էինք նաեւ, թե պաշտոնատար անձանց հետ չբնակվող հարազատներն արդյոք կարո՞ղ են հայտարարագիր չներկայացնել։ Ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնել էին, որ վերջիններս հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն։ Հունիսի 3-ի դրությամբ, երբ դեռ հասանելի էր ռեեստրը, կայքում բացակայում էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների՝ 2025-ի տարեկան հայտարարագրերը։ Ընդ որում, Աշոտ Փաշինյանը վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2022-ին։ Բացակայում էր նաեւ Աննա Հակոբյանի հայտարարագիրը, որը Փաշինյանից բաժանվելու մասին հայտնել էր փետրվարի վերջին։ Այսինքն, 2025-ին՝ հաշվետու ժամանակահատվածում վերջինս հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի կինը։ Ի դեպ, Մարիամ Փաշինյանը, որը եւս հայտնել էր միայնակ ապրելու մասին, վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2024-ին։ Ստացվում է՝ կարող են պաշտոնյաների զավակները նրանցից առանձին ապրել կամ այլ հասցեում հաշվառված լինել եւ հանրությանը հաշվետու չլինել իրենց եկամուտների եւ անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ։ Նշենք, որ 2024-ից ՀՀ-ում, ըստ օրենքի, բոլորը պետք է հայտարարագրեր ներկայացնեն, սակայն քաղաքացիները հայտարարագրեր ներկայացնում են ՊԵԿ, որոնց այլ անձինք հասանելիություն չունեն` ի տարբերություն պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերի։
Ավելի վաղ գրել էինք, որ, գրավոր հարցմանն ի պատասխան, ԿԿՀ-ից տեղեկացել էինք, որ 67 պաշտոնատար անձ եւ տարբեր կուսակցությունների 164 ներկայացուցիչ տարեկան հայտարարագիր չեն ներկայացրել։ Հայտարարագիր չեն ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Մերի Գալստյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը։
Հայտարարագիր չի ներկայացրել նաեւ Ժաննա Անդրեասյանի օգնական Գոհար Եղիազարյանը, Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը, ինչպես նաեւ՝ տարբեր համայնքների ավագանիների մի քանի տասնյակ անդամներ։ ԿԿՀ-ն գրավոր ծանուցագրեր է ուղարկել հայտարարագիրը չներկայացրած բոլոր հայտարարատուներին, այդ թվում՝ պաշտոնյաների ընտանիքի անդամներին։ Եթե վերջիններս մինչեւ հունիսի 31-ը հայտարարագիր չներկայացնեն, ապա սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կտուգանվեն։