Կիրանցի դպրոցը հինգ առաջին դասարանցի ունի, հինգն էլ՝ աղջիկ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հազարավոր երեխաներ առաջին անգամ մուտք կգործեն դպրոց՝ անելով նոր կյանքի առաջին, փոքր, բայց ամենակարևոր քայլը։ Եթե մայրաքաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների պակաս չկա, ավելին, դեռ մեկ ամիս առաջ են ծնողները «պայքարի» մեջ մտնում, որ կարողանան երեխային գրանցեն իրենց ավելի մոտ ու հարմար դպրոցում, ապա մարզերում պատկերը լրիվ այլ է։ Ավելին, կան դեպքեր, երբ դպրոցը երազում է գոնե տասը առաջին դասարանցի ունենալու մասին։
MediaHub-ը այսօրվա ընթացքում կներկայացնի, թե ինչ պատկեր է Հայաստանի սահմանամերձ համայնքներում։ Այսպես, Տավուշի սահմանամերձ Կիրանց համայնքի միակ դպրոցն այս տարի իր դռները կբացի հինգ աշակերտի համար, հինգն էլ՝ աղջիկ։
«Այս երեխաներն էլ որ գան, դպրոցը 42 սան կունենա, որից հինգը՝ նախակրթարան են հաճախում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Կիրանցի դպրոցի տնօրեն Սուսաննա Փաշինյանը։
Նա նկատեց՝ աշակերտների քանակը փոքր է, բայց իրենք ամեն ինչ անում են, որ երեխաները լիարժեք կրթություն ստանան, դառնան պիտանի մարդ։