Արյան ամենամյա անալիզը կարող է օգնել վաղ փուլում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ հայտնաբերելուն
Քաղցկեղի տարբեր տեսակների առկայությունը վկայող քիմիական ազդանշանները հայտնաբերելու համար նախատեսված մեկ արյան թեստը տեսականորեն կարող է կանխել հիվանդության՝ ուշ փուլի հասնելը, մինչդեռ քաղցկեղը դեռևս վաղ փուլում բուժելի է դեպքերի մոտ կեսում: Մոդելավորման այս ուսումնասիրությունը հրապարակվել է BMJ ամսագրում:
Այսպիսով, հետազոտողները ենթադրում են, որ տարեկան կամ երկու տարին մեկ քաղցկեղի բազմաթիվ տեսակների վաղ հայտնաբերման թեստի՝ MCED-ի ներդրումըկարող է բարելավել հիվանդների արդյունքները՝ կանխելով հիվանդության զարգացումը: Ներկայում հուսալիորեն կարող են ախտորոշվել քաղցկեղի մի քանի տեսակներ միայն. կրծքագեղձի, աղիների, արգանդի վզիկի և թոքերի չարորակ ուռուցքները՝ բարձր ռիսկի խմբում գտնվողների համար։ Հետազոտողները նշում են, որ, չնայած այս հիվանդություններից մահացության նվազեցման գործում արդյունավետ լինելուն, նման սկրինինգները կարող են նաև հանգեցնել կեղծ դրական արդյունքների և գերախտորոշման։ Դեռևս պարզ չէ, թե որ օպտիմալ ժամանակահատվածում սկրինինգը կհայտնաբերի քաղցկեղի մեծ մասը վաղ փուլում (I և II փուլեր)՝ միաժամանակ խուսափելով ավելորդ հետազոտություններից և բուժումից։
Ապագա կլինիկական փորձարկումներից տեղեկանալու համար գիտնականներն օգտագործել են քաղցկեղի տարբեր տեսակների՝ հիվանդության զարգացման նախկինում հրապարակված մոդելը։ Նրանք այն օգտագործել են 50-ից 79 տարեկան սովորական խնամք ստացող մարդկանց շրջանում՝ կանխատեսելու համար MCED թեստով՝ տարբեր սկրինինգային գրաֆիկներով կանոնավոր սկրինինգի ազդեցությունը քաղցկեղի ախտորոշման ժամանակի և բուժառուների մահացության վրա։
Մոդելավորված սկրինինգային գրաֆիկները տատանվում էին՝ 6 ամսից մինչև 3 տարի, սակայն շեշտը դրվել էր տարեկան և երկամյա սկրինինգների վրա՝ քաղցկեղի զարգացման երկու սցենարների դեպքում. «արագ», որի դեպքում ուռուցքները I փուլում մնում են 2-4 տարի՝ նախքան տարածումը, և «արագ-ագրեսիվ», որի դեպքում ուռուցքները I փուլում մնում են 1-ից 2 տարի՝ նվազեցնելով հաջորդ փուլերին անցնելու ժամանակահատվածը։
Հետազոտությունը ներառել է հետանցքի, միզապարկի, կրծքագեղձի, արգանդի վզիկի, աղիքի/ուղիղ աղիքի, կերակրափողի, լեղապարկի, գլխի և պարանոցի, երիկամի, լյարդի/լեղուղիների, թոքերի, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի, սարկոմայի (փափուկ հյուսվածք/ոսկոր), ստամոքսի, վահանաձև գեղձի, միզաթելային և արգանդի քաղցկեղների, ինչպես նաև լեյկեմիայի, լիմֆոմայի, մելանոմայի, արյան քաղցկեղների (միելոիդ նորագոյացություններ), իմունային բջիջների քաղցկեղների (պլազմային բջիջների նորագոյացություններ) դեպքեր։
Պարզվել է, որ ամենամյա MCED սկրինինգը ուռուցքի արագ աճի սցենարի դեպքում ախտորոշումների ավելի մեծ թիվ է ապահովում. տարեկան 100,000 մարդու հաշվով 5 տարվա ընթացքում հայտնաբերվել են 370-ով ավելի շատ քաղցկեղի դեպքեր, 49%-ով պակաս՝ ուշ փուլի ախտորոշումներ և 21%-ով պակաս մահեր, քան՝ սովորական բուժման դեպքում։