Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ քննարկելու վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։
Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները: Զեկուցվել է, որ 2023 թ. հունիսի 1-ից գրասենյակը գործարկել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ու խմբային խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, իրականացնում է հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Հայրենադարձության և ինտեգրման հարցերով ընդունվել և ընթացք է տրվել 3 617 դիմումի, 340 հայրենադարձների համար կազմակերպվել են 13 օնլայն ու օֆլայն խորհրդատվական հավաք-հանդիպումներ, 413 հայրենադարձ մասնակցել է հայոց լեզվի, ինտեգրման ու վերապատրաստման անվճար դասընթացների, 81 սիրիահայեր պետպատվերի շրջանակներում օգտվել են առողջապահական ծառայություններից: