«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, ծնունդդ շնորհավոր։ Ո՜վ գիտե, գուցե ծնվես վերստին, երկրիս բախտակից։.Արմենուհի Մելքոնյան

1990 թվական, հոկտեմբերի 9։ Այս օրը հրատարակվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։
2023 թվական, հունիսի 1։ Այս օրը դադարեցվեց օրաթերթի հրատարակումը։ 
Օրաթերթի գոյության 33 տարիներից 25-ը իմ «բաժինքն» է։ 25 տարի շարունակ այստեղ ավելի երկար եմ եղել, քան իմ բնակարանում։ 25 տարի շարունակ «Հայաստանի Հանրապետությունը» եղել է իմ տունը, որտեղ լավ ու վատ շատ օրեր եմ տեսել։ Տեսել եմ՝ ինչպես է երկիրը կառուցվում, ինչպես են ոլորտներ ստեղծվում՝ քար առ քար, անկման ու վերելքի շրջաններ եմ տեսել, ուղղակիորեն այդ շրջանների զարկերակին է ձեռքս եղել։ 
Ապրում էինք, երազանքներ ունեինք, տարեկան ծրագրեր էինք պլանավորում, արժանապատիվ էինք, անհամբեր էինք՝ երբ պիտի արձակուրդային շրջանը գա, որ Արցախ գնանք։ Արցախը մեր ուժի ու հպարտության օրրանն էր։ 
Հրատարակումը դադարեցվեց ոչ մեր կամքով եւ մեզ տրված անհամոզիչ հիմնավորմամբ։ Դադարեցվեց, որովհետեւ հավատարիմ մնաց իր ձեռագրին։ Երկրի ու հայի հետ անկեղծ խոսելու, չխաբելու ձեռագրին։ 
Բայց ինձ եւ, վստահ եմ, գործընկերներիս համար այն դեռ կա։ Մեր այսօրվա գրչից կաթում է։ Կա, որովհետեւ կեղծիքի խոսափող չդառնալը հենց մե՛ր խոսափողն է, մեր երկրի բոլոր օրերի տարեգիրը։ Այն չկա փաստացի, բայց կա էությամբ։ Կա ավելին, քան շատ կա-ներ։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, ծնունդդ շնորհավոր։ Ո՜վ գիտե, գուցե ծնվես վերստին, երկրիս բախտակից։

 

Արմենուհի Մելքոնյան

Այս թեմայով
am