Իսկ արդյո՞ք մենք՝ մարդիկս գնահահատում ենք մեր ազատությունը

Ազատություն․․․ Իսկ արդյո՞ք մենք՝ մարդիկս գնահահատում ենք մեր ազատությունը, իսկ ի՞նչ բան է ազատությունը։

Այսօր, որպես վստահված անձ, այցելել էի քաղբանտարկյալ Արտակ Գալստյանին։ Առաջին անգամն էի նման վայր գնում․ հուզվել էի։ Չէ, վախեցած չէի , պարզապես մտքից, թե ներսում մարդիկ ոնց են ապրում անազատության մեջ՝ պատված փշալարերով, ամեն օր սպասումով, կարոտով ու անազատ․ սարսափում էի։
Գրպաններիս մեջ ծխախոտ էի դրել ՝ երկու տուփ, ավելին անցկացնել չէի կարող ՝ կիրակի օրը չէին ընդունում ոչ մի տեսակ սնունդ, դե դրան ասում են ՏՈՒԼԻԿ։
Մի խոսքով մեծացրած ու չվախեցած աչքերով մտա ներս։ Երկաթից դուռը, որը տհաճ ձայն էր արձակում, բացվելուն պես, մի գեղեցկադեմ տղամարդ վերցրեց աձնագիրս, ստուգեց, երկար նայեց դեմքիս, ապա կանչեց Անդո անունով մեկ այլ տղայի, որը գեղեցիկ չէր , բայց բոյով էր ու ուղեկցեցին ինձ մի այլ՝ չվախենալու վայր , որտեղ պետք է ստուգեին գրպաններս։ Դա էլ անցա։ Տարան մի սենյակ, որտեղ կար մի սեղան և չորս աթոռ։ Կար պատուհան ու այնտեղից բացվող սարսափելի, բայց չվախենալու տեսարան։ Նստեցի աթոռին ու սպասում էի քաղբանտարկյալ Արտակ Գալստյանին, թե երբ կբերեն։
Նայում էի դուրս․ ճաղավանդակներ, փշալարեր ու կլոր շենք։ Սպասում էի, սպասեցնող սպասում, սպանող , ճնշող , ոչինչ չտվող , բայց խլող սպասում։
Ներս է գալիս Արտակը Գալստյանը։ Իմ վաղեմի ծանոթը, ում միշտ տեսել եմ կոկիկ, ձիգ, վեհ։ Նույն Արտակը, ում վերջին անգամ տեսել էի ծննդյանս օրը ու․․․
Նույն վեհ , գեղեցկադեմ տղամարդը, ով ամեն պարագայում միշտ հավասարակշռված էր, ներս է մտնում նիհարած, հյուծված, սպիտակած մազերով, բայց գեղեցիկ, անկոտրում, վստահ։
- Բարև բալես, նորմա՞լ հասար:
Պատասխանում էի ու նայում աչքերին։ Ինչքան ուժ կար նրա աչքերում, ինչքան վեհություն, ինչքան հպարտություն, ինչքան տանջանք, ինչքան լռություն, ինչքան կարոտ ու ինչքան ԱԶԱՏ էր ինքը։ Ինքը ԱԶԱՏ էր անազատության մեջ, իր ճախրող մտքերով, Արցախի ու Հայաստանի հոգսերով, հայի պահպանման գերխնդրով։
- Տղերքը ո՞նց են, բալես:
Պատասխանում էի ու նայում այդ ուժեղ տղամարդուն ու հասկանում, որ քաջերն ու նվիրյալները հենց այսպիսինն են լինում ՝ մեր կողքին ապրելով։ Ցավոք, դա չենք հասկանում։ Դե մենք սիրում ենք պատմություններից օրինակներ բերել, երբ իրական օրինակները մեր շուրջ են, մեր կողքին ու հիմա անազատության մեջ։ Անազատության մեջ, բայց վստահեցնում եմ ՝ բոլորիցս ազատ, բոլորիցս անվախ, բոլորիցս ճախրող։
- Դուք ո՞նց եք:
- Ուժեղ, այ եթե կնոջս էլ չկալանավորեին ու տղայիս…, միակ դարդս դա է։
Արտակը՝ Վանոյի Արտակը, կուսակցության ղեկավարը, 56 տարեկան տղամարդը աչքերը կախել էր, չէր նայում երեսիս, որ չտեսնեմ աչքերի թացությունը։
- Կինս, իմ հրեշտակ կինը, գոնե նա լիներ ազատության մեջ, բայց, բալես, չեն կոտրի։ Ինձ չեն կոտրի․․․
Չդիմացա, չկարողացա զսպել ինձ, ես իր նման ուժեղ չեմ։
Ուզում էի փախչել, ուզում էի գոռալ, որ անարդար է արդարություն կոչվածը, ուզում էի բռնել իմ վաղեմի ընկերոջ ձեռքը, գնալ այդ պատերից հեռու։ Գնալ, որ փրկեի նրա ու իմ Հայաստանը, Երևանը, Արցախը։ Գնալ ու էլ երբեք չգալ այդ գորշ, տհաճ բույրով, մուգ պատերով կլոր շենքը, որը ինձ բոլորովին «չվախեցրեց»։
Արտա՛կ, մենք ունենալու ենք մեր երազած Հայաստանը, մենք փրկելու ենք հայ տեսակը Ձեր ու Ձեր նման նվիրյալ հայերով։ Արտա՛կ, Դուք անազատության մեջ չեք, Դուք ավելի քան ազատ եք, անգամ նրանցից, ովքեր Ձեզ , Ձեր հրեշտակ կնոջն ու մինուճար զավակին ազատազրկել են։ Դուք ճախրող, կռվող տեսակ եք, Դուք գույն եք, Դուք հաղթելու եք այս անհավասար մարտում ու մենք՝ բոլորով, ապրելու ենք ազատ, անկախ Հայաստանում։ Անպայման, մի օր, շուտով:

Նանա Սարգսյան

Այս թեմայով
am