Կարոտում եմ հայրիկիս, ինքն Արցախում է, ծառայում է․ արցախցի փոքրիկ
ՄԱԿ-ի գրասենյակի առջև են հավաքվել նաև արցախցի փոքրիկները։ Նրանց ձեռքին կան «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք Արցախն ենք» գրությամբ պաստառներ։
11-ամյա Արմանը լրագրողներին պատմեց, որ հայրիկն Արցախում է, կարոտել է նրան, անցակետը փակելուց հետո չի հանդիպել։ Նա և մյուս փոքրիկները պահանջում են բացել Լաչինի միջանցքը, որպեսզի իրենց հասակակիցներն այնտեղ կարողանան ապրել։
Մենք Հադրութից ենք, պատերազմից հետո ենք դուրս եկել, որ հասկացանք՝ չենք կարող այնտեղ ապրել,- ասաց արցախցի փոքրիկներից մեկը՝ նշելով, որ իրենց պահանջն է բացել Արցախի կյանքի ճանապարհը։
«Կարոտում եմ, հայրս ծառայում է այնտեղ»,- ասաց մեկ այլ փոքրիկ։
«Մենք Արցախում ընկերներ, քույրեր ու տատիկներ ունենք»,- նշեց արցախցի երեխան։
Ակցիային մասնակցում է նաև «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Արցախի նախգին օմբուդսմեն՝ Լարիսա Ալավերդյանը։ Նրա պահանջը ՄԱԿ-ից է և միջազգային հանրությունից։
«Ես սխալ եմ համարում, որ մեզ այսօր ուզում են ներարկել հետևյալը, եթե Հայաստանի իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բա ի՞նչ անի միջազգային հանրությունը։ Ես պահանջում եմ միջազգային հանրությունից քիչ գլխով անեն, թե Հայաստանը ճանաչել է, մենք ի՞նչ անենք, բա միջազգային ամբողջ պարտականություններն ո՞ւր մնացին։
Ուզում է Նիկոլ Փաշինյանը ճանաչի, ուզում է իր ամբողջ թիմը ճանաչի, դա ի՞նչ կապ ունի, ո՞ւր մնացին մարդու իրավունքները։ Եթե մի երկրում մեկն իր քմահաճույքով է գործում, վե՞րջ, միջազգային հանրությունը ձեռքերը լվանո՞ւմ է և կանգնում է կողքի»,- հարց բարձրացրեց իրավապաշտպանը։
Լարիսա Ալավերդյանը նաև հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում շրջափակում չէ, դա ցեղասպանություն է։
Իսկ Աղդամով ճանապարհի տրամադրմամբ, ըստ Ալավերդյանի, փորձում են պնդել, որ Արցախը ոչ միայն Ադրբեջանի կազմում է, այլև դրա անքակտելի մասն է։
«Դա ուղղակի սրիկայություն է»,- հայտարարեց նա։
Ակցիայի մասնակիցները այստեղից կշարժվեն դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն։
Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում այս օրերին համաժողովրդական շարժում է սկսվել: Հրապարակում վրաններ են տեղադրվել: Ադրբեջանն արդեն կես տարի է՝ փակել է Հայաստան-Արցախին կապող միակ ճանապարհը, ինչի պատճառով լուրջ հումանիտար խնդիրներ են առաջացել: