Երևանցիների համար հույժ կարևոր է, որ «Բյուրեղ» թաղամասն ունենա սեփական մետրոյի կայարան

Հին անեկդոտ կա, քաղաքներից մեկում փոս է լինում, մարդիկ ընկնում են այդ փոսը և վնասվածքներով տեղափոխվում հիվանդանոց։ Քանի որ փոսից մինչև հիվանդանոց ահագին ճանապարհ է լինում, վերջը քաղաքապետարանում նիստ են անում, որ հարցին լուծում տան։ Մեկն առաջարկում է, որ փոսի կողքը նոր հիվանդանոց կառուցեն, սակայն քաղաքապետն առարկում է, ասելով, որ դա մեծ ծախսերի հետ է կապված, ավելի լավ է` այդ փոսը լցնեն ու հենց հիվանդանոցի մոտ մի նոր փոս փորեն։

 

Նման անեկդոտ տեղի ունեցավ երեկ, սակայն այս անգամ Երևանի քաղաքապետարանում, երբ փոխքաղաքապետ (քաղաքապետի պաշտոնակատարի անունը պետք է գուգլով գտնենք, ինչի ժամանակը չկա) Տիգրան Ավինյանը հայտարարեց «Սուրմալու» տոնավաճառի մերձակայքում մետրոյի նոր կայարան կառուցելու մասին։ Եթե այդ կայարանը սպասարկելու է Սուրմալու և Փեթակ տոնավաճառները, ապա այն քաղաքի զարգացման որևէ խնդիր չի լուծում, նույնիսկ հակառակը, գերծանրաբեռնելու է առանց այդ էլ ծանրաբեռնված կենտրոնը։ Քաղաքի զարգացման իրական հեռանկարը կլիներ այդ արևելյան շուկա հիշեցնող տոնավաճառների ապամոնտաժումն առհասարակ։ Սակայն քանի որ մեծ է հավանականությունը, որ նրանց ապամոնտաժման դեպքում նույն տեղում բուսնելու է արդեն հակակրանք առաջացնող որևէ «էլիտար» թաղամաս, որն էլ ավելի է այլանդակելու առանց այդ էլ դիմազրկված Երևանը, ապա կտուժեն այդ տոնավաճառներում աշխատող մարդիկ, իսկ շահողը՝ իշխանության շահերը սպասարկող որևէ կառուցապատող։ Բացի այդ, շատ ավելի էժան է նստում մի փոս փորելն ու ընդամենը 200 մետր գիծ անցկացնելը, քան այդ մեծ տարածքն ապամոնտաժելը, գումարած մարդկանց դժգոհությունը։

 

Իսկ եթե մետրոյի այդ նոր կայարանը պետք է կառուցվի «Բյուրեղ» թաղամասի բնակիչների համար, որտեղ մեկը մյուսի հետևից տուն են ձեռք բերում իշխանության ներկայացուցիչները, ապա ամեն ինչ դառնում է հասկանալի։ Ոչինչ, որ քաղաքի ծայրամասերը դուրս են մնում համաչափ զարգացման տրամաբանությունից, նրանց մետրո պետք չէ, կարևորը ոմանց փիառն է ու պետությունը Օլիմպոսի փառքի գագաթին հասցրած իշխանությունների հարմարավետությունը, քանի որ հատկապես շոգին դժվար կլինի քայլել դեպի հարևանությամբ գտնվող «Զորավար Անդրանիկ» կայարան։

Այս թեմայով
am