Բերդաշենում շարունակում է զարգանալ այգեգործությունը. գյուղում ինտենսիվ այգի է հիմնվում
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Գրիգորի Պողոսյանը՝ հավելելով, որ ներկայում գյուղացիները զբաղված են գյուղատնտեսական եռուն աշխատանքներով:

«Դեռ խորհրդային ժամանակաշրջանից ունենք խաղողի այգիներ, որոնք սեփականաշնորհման կարգով անցել են գյուղացիներին: Բնակիչների մեծ մասը զբաղվում է խաղողագործությամբ: Արդեն մոտ 10 տարի է համայնքում զարգանում է նաև նռան մշակումն և այգիների հիմնումը»,-ներկայացրել է համայնքապետը՝ կարևորելով նաև անասնապահության ճյուղը՝ որպես բերդաշենցիների եկամտի աղբյուր:


«Անասնապահությամբ զբաղվելու կարևորությունը առավել գիտակցեցինք շրջափակման պայմաններում՝ հատկապես պարենային անվտանգության խնդրի լուծման տեսանկյունից: Համայնքի անասնաֆերմաները ջրով ապահովելու հետ կապված խնդիր կար, որի լուծման ուղղությամբ աշխատանքներն սկսվել էին, սակայն շրջափակմամբ պայմանավորված առայժմ դադարեցվել են»,-հայտնել է մեր զրուցակիցը:

Համայնքապետի խոսքով՝ բերդաշենցի երիտասարդները նվիրումով շարունակում են նպաստել հայրենի գյուղի զարգացմանը, իսկ ընտանիքները՝ նոր տներ կառուցել: «Երիտասարդությունը բավականին ակտիվ է, ժամանցային վայրեր են ստեղծել, մի մասը ցանկանում է գործունեություն ծավալել բիզնեսի, ջերմոցային տնտեսության ոլորտներում: Արդեն ունենք բնակիչ, ով զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ: Համոզված եմ, որ գյուղատնտեսության այս ճյուղում էլ մեր համագյուղացիներն հաջողություն կարձանագրեն: Նրանցից ոմանք ցանկություն ունեն տնամերձ հողատարածքներում ջերմոցներ կառուցել, մենք էլ փորձում ենք աջակցել ու տարբեր ծրագրերում ընդգրկել»,-ասել է նա՝ նշելով, որ Բերդաշենում աջակցության ծրագրեր են իրականացվել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ շրջանակներում 77 ընտանիքի շուրջ 1 միլիոն դրամի չափով աջակցություն է տրամադրվել:

Աջակցությունից օգտված ընտանիքներն արդեն զբաղվում են մեղվապահությամբ, խոզաբուծությամբ, ինչպես նաև կարի մեքենաներ են ձեռք բերել:
Բերդաշենի խնդիրներից համայնքապետն առանձնացրել է համապատասխան պայմանների բացակայությունը սպորտով զբաղվելու համար, մինչդեռ գյուղի պատանիներն ու երիտասարդներն մարզական բավականին ներուժ ունեն :