Ծառուկյան ընտանիքը շարունակելու է Արցախի համար հենարան լինել
Շուրջ երկու ամիս է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ․ Բերձորի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Այս իրավիճակում չափազանց կարևոր է Արցախին աջակցելն ու հումանիտար աջակցություն ցուցաբերելը։ Ծառուկյան ընտանիքն այս օրերին իր աջակցությունն է ցուցաբերում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, տեղեկացրել իր հերթական բարեգործական ծրագրի մասին՝ նախատեսված շրջափակման ժամանակ Արցախում ծնված երեխաների և նրանց ընտանիքների համար:
Ծառուկյան ընտանիքի բարեգործական ծրագրի մասին տեղեկանում ենք ԲՀԿ առաջնորդի պաշտոնական էջում զետեղված հայտարարությունից։
«Արցախում շրջափակման ժամանակ ծնված բոլոր 215 երեխաներն իմ ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների մեծ կարիքները հոգալու համար։ Սրանից զատ՝ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս։ Իմ ընտանիքում էլ օրեր առաջ թոռնիկ է ծնվել, ու մենք որոշեցինք, որ մեր ուրախությունը պիտի միավորենք մեր արցախցի հայրենակիցների ուրախության հետ, քանի որ երեխայի ծնունդը միշտ պիտի միայն ու միայն ուրախություն բերի, ոչ թե՝ հոգս»,- իր հայտարարության մեջ նշել է Գագիկ Ծառուկյանը։
Ոսկե խաչերը նախապես օրհնվել էին եկեղեցում:
Որպես հումանիտար օգնություն՝ Ծառուկյան ընտանիքը Արցախ է ուղարկել նաեւ 10 մեքենա պարենամթերք և 1 մեքենա դեղորայք:
Արցախը պետք է ոչ թե հայտարարություններով, ֆեյսբուքյան գրառումներով կամ կենացներով սիրել, այլ գործով։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին ևս Ծառուկյան ընտանիքն աջակցություն էր ցուցաբերում տեղահանված մեր հայրենակիցներին և ռազմադաշտում կռվող հայրենիքի պաշտպաններին։ Տեղեկացնենք, որ Արցախի նախագահի հետ հեռախոսազրույցում Ծագիկ Ծառուկյանը վստահեցրել է՝ Արցախին տրամադրվող հումանիտար օգնությունն այսքանով չի սահմանափակվելու։ Ծառուկյան ընտանիքը շարունակելու է Արցախի կողքին լինել։
ԲՀԿ առաջներդի՝ խոսքը գործ դարձնելու սկզբունքը միշտ կուռ է եղել։ Ծառուկյան ընտանիքը շարունակելու է Արցախի համար հենարան լինել։
Meganews.am