Նիդեռլանդների ԱԳ նախարարը կարևորել է Ալիևի դերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում

Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենին։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հանդիպման ընթացքում Ալիևը դրական է գնահատել Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆի հետ անցյալ տարի Կոպենհագենում կայացած հանդիպումը՝ նշելով, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ։

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Նիդեռլանդների արտգործնախարարի այցը հաջող կլինի՝ այն գնահատելով քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցությունը քննարկելու լավ հնարավորություն։

Թոմ Բերենդսենն իր հերթին նշել է, որ Նիդեռլանդների վարչապետից դրական ազդակներ է ստացել երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ ընդգծելով հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։

Նիդեռլանդների արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի տարածքով Նիդեռլանդների քաղաքացիների, այդ թվում՝ Թեհրանում երկրի դեսպանի և դեսպանատան աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար։

Բերենդսենը նաև ընդգծել է, որ Նիդեռլանդներում բարձր են գնահատում Իլհամ Ալիևի անձնական դերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում՝ նշելով, որ դա կարևոր է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, առևտրատնտեսական կապերի ընդլայնման և փոխադարձ այցերի, այդ թվում՝ գործարար պատվիրակությունների այցերի կազմակերպման հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտի, լոգիստիկայի, Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի գործունեության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ Ընդգծվել է, որ Նիդեռլանդների առաջավոր փորձը գյուղատնտեսության ոլորտում կարող է նպաստել երկու երկրների համագործակցության ընդլայնմանը։

Այս թեմայով
am