90,3% քվե և 17,200 ձայն․ Սևակ Միքայելյանի ուղերձը Հրազդանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո
Հրազդանում կայացած ընտրություններն ավարտվել են ՔՊ թեկնածու, գործող համայնքապետ Սևակ Միքայելյանի աննախադեպ հաղթանակով։ Ընտրությանը մասնակցած 19,055 քաղաքացիներից 17,200-ը քվեարկել են հօգուտ նրա։
Արդյունքների ամփոփումից հետո Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է համայնքի բնակիչներին․
Ստորև ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ․
Սիրելի՛ հրազդանցիներ,
Մեծապես շնորհակալ եմ ձեզ՝ ցուցաբերած բացառիկ վստահության, աջակցության և մեր անցած ճանապարհը բարձր գնահատելու համար։
Ձեր վստահության քվեն ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև անչափ մեծ պատասխանատվություն։ Սա պարզապես ընտրական հաղթանակ չէ։
Սա մեր համատեղ աշխատանքի, ձեռքբերումների, միասնականության և Հրազդանցիների համախմբված լինելու հաղթանակն է։
Այս հաղթանակը պատկանում է յուրաքանչյուր հրազդանցու։ Իսկ ձեր վստահությունն ինձ համար նոր ուժ է, նոր պարտավորություն և ավելի մեծ նվիրումով աշխատելու հզոր պատասխանատվության զգացում։
Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին✊
Մենք միասին արդեն ապացուցել ենք, որ հետևողական աշխատանքի, կամքի և միասնականության շնորհիվ հնարավոր է փոխել քաղաքի դիմագիծը, հաղթահարել դժվարություններն ու իրականություն դարձնել նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը։
Բայց մեր ամենամեծ ձեռքբերումները դեռ առջևում են։
Մենք չենք սահմանափակվելու ձեռք բերածով։
Շարունակելու ենք կառուցել ժամանակակից, զարգացած, զբոսաշրջային և նոր հնարավորություններով հարուստ Հրազդան՝ քաղաք, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կզգա առաջընթացը, իսկ երիտասարդները կտեսնեն իրենց ապագան։
Առջևում նոր ծրագրեր են, խոշոր նախաձեռնություններ, մեծ ներդրումներ և հավակնոտ նպատակներ։
Եվ ես պատրաստ եմ նույն վճռականությամբ, պատասխանատվությամբ ու անմնացորդ նվիրումով շարունակել մեր սկսած գործը։
Իմ ամենամեծ խոստումը ձեզ մեկն է՝ ձեր վստահությունը վերածել նոր արդյունքների, նոր ձեռքբերումների և Հրազդանի զարգացման նոր էջի։
Մենք արդեն շատ ճանապարհ ենք անցել միասին, բայց դեռ շատ ավելին ունենք անելու։
Մեր հաղթանակը վստահության հաղթանակ է, իսկ մեր վաղվա հաղթանակները լինելու են կատարած աշխատանքի արդյունքը։
Ժողովո՛ւրդ ջան, ձեր վստահությունը ոչ մի բառով հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել։
Խոնարհվում եմ ձեր առաջ և խոստանում պատասխանել միայն ու միայն աշխատանքով։
Հրազդանի լավագույն տարիները դեռ առջևում են։
Ընտրությանը մասնակցել է
19055 քաղաքացի։
ՔՊ 90,3%
Քվեարկության արդյունքում ստացել եմ 17 200 քվե։