Հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալման գործընթացն ամեն կերպ քողարկվում է. Գասպարյան (Տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեսանկարահանվել է Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինծառայողի ձերբակալման գործընթացը։

«Եթե չի նկարահանվել, ապա ինչո՞ւ, իսկ եթե նկարահանվել է, ապա ո՞րն է խնդիրը, որ չի հրապարակվում։ Երբ ազգությամբ հայի ձերբակալությունը հայտնվում է սոցիալական ցանցերում, իսկ, օրինակ, հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալման գործընթացը ամեն կերպ քողարկվում է»,- նկատեց պատգամավորը։

Փաշինյանը պատասխանեց, որ նոր փորձել է ճշտել՝ արդյոք տեսանկարահանում կա, թե ոչ։

«Այդ հայի, թուրքի, ադրբեջանցու հարցադրումները դա ինչի՞ համար է։ Մի հատ պետք է հասկանանք, թե այդ շեշտադրումներն ինչ են բերում։ Դեպքը, որը տեղի է ունեցել, որևէ ընդհանրություն չունի բոլոր այն շահարկումների հետ, որոնք այսօր դաշտում տեսնում ենք։ Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ կասկածի տակ են դնում հաստատված խաղաղությունը։ Չնայած այդ դեպքից առաջ էլ էին կասկածի տակ դնում։ Այդ նույն մարդկանց համար կապ չունի, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել և ինչ պայմաններում, դրանից նրանց ասելիքը չի փոխվում», - ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է տեսանկարահանմանը՝ Փաշինյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել։ «Կճշտեմ, լրացուցիչ կասեմ»։

Պատգամավորը հորդորեց՝ եթե նկարահանվել է, ապա թող դա էլ հրապարակեն, ինչպես անում են հայերի դեպքում։

 Փաշինյանն էլ արձագանեց, որ գործընկերներին խնդրել է խուսափել նման կադրեր հրապարակելուց, այդ թվում՝ հայերի։

Այս թեմայով
am