Աբովյանը տոնում է հիմնադրման 63-ամյակը. քաղաքապետ Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը
Աբովյան քաղաքի հիմնադրման 63-րդ տարեդարձի առիթով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել բնակիչներին՝ ընդգծելով քաղաքի շարունակական զարգացումն ու համայնքային միասնության կարևորությունը:
Սիրելի՛ աբովյանցիներ.
Այսօր տոնում ենք մեր գեղեցիկ, հյուրընկալ, օր օրի ծաղկող ու շենացող Աբովյան քաղաքի հիմնադրման 63-րդ տարեդարձը, որի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:
Աբովյանը միավորում է մեզ անսահման սիրով, ջերմ հիշողություններով, ամեն օրվա նվիրական աշխատանքով ու ապագայի հանդեպ լուսավոր տեսլականով:
Մեր քաղաքն այսօր հարուստ է իր շնորհալի ու ստեղծագործ զավակների ձեռքբերումներով, մրցունակ ու գրավիչ է շարունակական բարեկարգումներով, հարմարավետ ու գեղեցիկ միջավայրով, որն աբովյանցիների ամենօրյա հոգատարության ու միասնական նպատակի արդյունքն է: Շնորհակալ եմ մեր բարեխիղճ բնակիչներին սրտացավության և համայնքային կյանքում գնահատելի ներգրավվածության համար:
Իմ անմիջական հետևողականությամբ և ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցությամբ Աբովյանի համայնքապետարանը շարունակելու է բարեկարգել մեր հարազատ բնօրրանը, զարգացնել ենթակառուցվածքները, խթանել կրթության, մշակույթի, սպորտի առաջընթացը և լուծել կենսական նշանակության հիմնախնդիրներ:
Սիրելի՛ աբովյանցիներ.
Մեր քաղաքի հանդեպ ջերմ ու անսպառ սիրով, միահամուռ ջանքերով ու անմնացորդ նվիրումով անցնելու ենք բարեփոխումների, նվաճումների առավել հիշարժան ու գեղեցիկ ճանապարհ:
Վստահ եմ՝ սերունդներին ժառանգելու ենք պատմական ակունքներով հարուստ, բայց միշտ երիտասարդ, զարգացող ու ժամանակակից քաղաք:
Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛, ջերմ ու բարի՛ Աբովյան: