Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը․ Թունիսի արտգործնախարարը՝ Միրզոյանին
Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և արտերկրում բնակվող թունիսցիների հարցերով նախարար Մոհամեդ Ալի Նաֆթին վերանշանակման առթիվ շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։
Շնորհավորական ուղերձում Նաֆթին Միրզոյանին մաղթել է հաջողություններ՝ նոր կառավարության կազմում իր պարտականությունների իրականացման գործում։ «Օգտվելով այս հնարավորությունից՝ վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը՝ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության կապերն առավել ամրապնդելու, ինչպես նաև դրանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է ուղերձում։
Թունիսի արտաքին գործերի նախարարն Արարատ Միրզոյանին հաջողություններ է մաղթել և հայտնել իր բարձր հարգանքն ու գնահատանքը։