Բաբայանը՝ ՔՊ-ի թեկնածո՞ւ, թե՞ գլխավոր մրցակից․ ինչ է կատարվում Աբովյանում

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սպասվող ընտրությունների գլխավոր ինտրիգներից մեկը Էդուարդ Բաբայանի հնարավոր մասնակցությունն է։ Քաղաքական շրջանակներում քննարկվում է նաև նրա՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրման տարբերակը։

Այս սցենարի հիմքում, ըստ շրջանառվող տեղեկությունների, Բաբայանի՝ համայնքում ունեցած հեղինակությունն ու ընտրական կշիռն են։ Գործող համայնքապետն ունի ճանաչելիություն, տեղական կառավարման փորձ և ձևավորված քաղաքական կապեր, ինչը նրան դարձնում է մրցունակ թեկնածու։

2021-ի ընտրությունների նախադեպը

2021 թվականի ընտրություններում Բաբայանի գլխավորած ցուցակը ստացավ 14 մանդատ՝ իշխող ուժի 12-ի դիմաց։ Արդյունքը ցույց տվեց, որ Աբովյանում ընտրությունների ելքի վրա կուսակցական գործոնից ոչ պակաս կարող են ազդել թեկնածուի անձնական հեղինակությունն ու տեղական աջակցությունը։

Այսօր այդ գործոնը կարող է կրկին առանցքային լինել։

Եթե ՔՊ-ն առաջադրի Բաբայանին, դա կարող է դիտարկվել որպես նրա հեղինակության և հաղթելու հնարավորությունների նկատմամբ վստահության քաղաքական հաշվարկ։ Նրա դեպքում կուսակցական աջակցությունը կարող է համադրվել արդեն ձևավորված տեղական քաղաքական կապիտալի հետ։

Առաջիկա ընտրությունները ցույց կտան, թե որքանով է Բաբայանի ազդեցությունը պահպանել իր ուժը և ինչպիսի արդյունք կարող է ապահովել նա նոր ընտրական փուլում։

Աբովյանի ընտրապայքարը դեռ նոր է ձևավորվում, սակայն Բաբայանի անունն արդեն իսկ դրա առանցքային գործոններից մեկն է։

Մարգարիտա Դավթյան

Այս թեմայով
am