Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասին
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այնտեղ, որտեղ պետք է տանեն: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե «խայտառակ» տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանում, դնում աթոռների վրա:
«Այդ տեսարանը տեսնելով՝ թող բոլոր կոռուպցիոներները՝ ներկա և նախկին, տեսնեն, թե, ինչպես ասել եմ, որևէ մեկը չպիտի պլստա»,- ասաց նա՝ նշելով, որ այդ մարդիկ ունեցել են շանս՝ գալու և ասելու, որ գողացել են պետությունից և պատրաստ են վերադարձնել:
«Այդ տեսարանը տեսնելիս ՀՀ շատ քաղաքացիների արձագանքը կլինի մոտավորապես հետևյալը, որ վերջապես Հայաստանում արդարության մասին խոստումներն առարկայանում են, և այդպես կարձագանքեն բազմաթիվ մարդիկ, որոնք Հայաստանում երկար տարիներ գործած մաֆիայի գործողությունների արդյունքում ունեզրկվել են, ենթարկվել են կտտանքների, խոշտանգումների:
Ես ուզում եմ գոհունակությունը հայտնել այդ տեսարանների կապակցությամբ, որ Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ պատասխանատվությունից խուսափել: Թող բոլոր կոռումպացվածները տեսնեն, հատ-հատ պիտի կրեն պատասխանատվությունը»,- ասաց նա և հավելեց՝ նրանք պետք է ունեզրկվեն:
«Այն տեսարանները, որ դուք անվանում ենք «խայտառակ», ես համարում եմ հույս, որ ի վերջո Հայաստանում կհաստատվի արդարություն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված կատարվել էին գործողություններ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները տեսանյութեր էին տարածել՝ պնդելով, թե իրավապահ մարմինները խոշտանգել են իրենց պաշտպանյալին։ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել էր։
Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման վերաբերյալ իրավապահների և պաշտպանների դիրքորոշումները հակոտնյա են: Փաստաբանները ներկայացնում են, թե նախկին պաշտոնյայի առողջական վիճակը անհամատեղելի է կալանավորման հետ: Իրավապահներն էլ փաստարկում են, որ հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ Խաչատրյանն ի վիճակի է մասնակցել վարութային բոլոր գործողություններին։