Ադրբեջանը և Հայաստանն աշխատում են փոխադարձ առևտրի ընդլայնման համար, տարածաշրջանը խաղաղության գոտի է. Ալիև
«Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ են տվել շուրջ 30 տարի տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը»:
Այս մասին ՇՀԿ+ գագաթնաժողովում իր խոսքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ Հարավային Կովկասը, որը երկար տարիներ մնացել էր հակամարտությունների գոտի, վերածվում է խաղաղության գոտու։
Ալիևն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված չորս բանաձևերը կատարվել են երեք տարի առաջ՝ դրանց ընդունումից 30 տարի անց։
«Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստանին և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, դրա ապրանքատեսակների շրջանակի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ»,- հայտարարել է Ալիևը։