«Ձեր այսօրվա գիտելիքն է ձևավորելու վաղվա Հայաստանը»․ Ռոմիկ Մխիթարյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա սկիզբ լինելուց բացի, կրթության արժեքը ևս մեկ անգամ ընդգծելու առիթ է։ Դպրոցն այն վայրն է, որտեղ ձևավորվում են ոչ միայն գիտելիքներ, այլև մտածողություն, արժեհամակարգ ու ապագայի հանդեպ պատասխանատվություն։

Սիրելի՛ աշակերտներ, մաղթում եմ, որ ձեր դպրոցական ճանապարհը լինի հետաքրքիր բացահայտումների, նոր ձեռքբերումների և վստահ քայլերի ճանապարհ։ Մի՛ վախեցեք հարցեր տալուց, նոր բան փորձելուց և մեծ նպատակներ ունենալուց։ Ձեր այսօրվա գիտելիքն ու աշխատասիրությունն են ձևավորելու վաղվա Հայաստանը։

Հարգելի՛ ուսուցիչներ, ձեր նվիրումն ու մասնագիտական աշխատանքն ամեն օր իր կարևոր ներդրումն է ունենում մեր երեխաների ապագայի կերտման գործում։ Մաղթում եմ ձեզ ուժ, համբերություն և գնահատված աշխատանքի բերկրանք։

Ծնողներին՝ համբերություն, վստահություն և հպարտության բազմաթիվ առիթներ։

Թող նոր ուսումնական տարին բոլորի համար լինի խաղաղ, արդյունավետ և հաջողություններով լի։ Թող յուրաքանչյուր դպրոցական իր գիտելիքով, աշխատասիրությամբ ու ձեռքբերումներով արժևորի իր անցած ճանապարհը և վստահորեն կերտի վաղվա օրը։

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը։ Բարի՛ մեկնարկ և հաջող ուսումնական տարի բոլորին։

Հարգանքներով՝
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
Ռոմիկ Մխիթարյան

Այս թեմայով
am