«Գիտելիքով զինված և հայրենասեր սերունդ». ԵԿՄ վարչության նախագահի շնորհավորանքը Սեպտեմբերի 1-ի առթիվ

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, պատանի երկրապահներ,
Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ ծնողներ,
Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի` Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ։
Սեպտեմբերի 1-ը նոր նպատակների, գիտելիք ձեռք բերելու, սեփական ուժերն ու հնարավորությունները բացահայտելու սկիզբն է։ Կրթությունն այն հզոր զենքն է, որը հիմք է դնում պետության զարգացման ու ամրապնդման համար։ Ուստի մեր ամենամեծ ներդրումներից մեկը գիտելիքներով զինված, պատասխանատու եւ հայրենասեր սերունդ ունենալն է։
Սիրելի՛ առաջին դասարանցիներ,
Այսօր ձեր կյանքի կարեւոր ու հիշարժան օրերից է։ Դպրոցական առաջին քայլերն ուղեկցվելու են բազմաթիվ բացահայտումներով, նոր ընկերություններով, գիտելիքներով։ Թող դպրոցական տարիները ձեզ համար դառնան հետաքրքիր ճանապարհ դեպի գիտելիքի աշխարհ։
Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ,
Ձեր առջեւ նոր հնարավորություններ են բացվում։ Դասե՛ր քաղեք, սովորե՛ք, ստեղծե՛ք, պայքարե՛ք, ինչքան էլ դժվար թվա։ Ձեր ստացած գիտելիքներով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ՝ Դուք վաղն էլ ավելի կհզորացնեք մեր պետությունը։ Սովորե՛ք՝ հանուն Ձեր լավ ապագայի, հանուն Հայրենիքի, Հայոց բանակի, եւ ձեր քայլերով ապացուցե՛ք, որ գիտելիքը ձեր զենքն է, իսկ հայրենասիրությունը՝ պետության ամրապնդումը։
Հարգելի՛ մանկավարժներ,
Շնորհակալ եմ Ձեր անգնահատելի աշխատանքի համար։ Դուք գիտելիք փոխանցելուց բացի ձեւավորում եք արժեքներ, վերաբերմունք հայրենիքի ու հասարակության նկատմամբ։ Շնորհակալություն ձեր նվիրումի, համբերության եւ պատասխանատու աշխատանքի համար։
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր պատանի երկրապահներին, ովքեր հստակ գիտակցելով եւ ամենայն պատասխանատվությամբ ընդգրկվում են մեր շարքերն ու ստանում բազմակողմանի գիտելիքներ:
Երկրապահ կամավորականների միության համար կարեւոր գործունեության ուղղություններից մեկը մատաղ սերնդի դաստիարակությունն է։ Մենք համոզված ենք, որ հայրենիքի ապագան կերտելու համար գիտելիքին զուգահեռ անհրաժեշտ են նաեւ հայրենասիրություն, կարգապահություն, միասնականություն եւ պատասխանատվության զգացում։
«Պատանի երկրապահ» ուսումնառազմամարզական ճամբարի ընթացքում մենք եւս մեկ անգամ տեսանք, որ մեր պատանիները պատրաստ են սովորելու, փորձություններ հաղթահարելու եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու։ Նրանց պատրաստակամությունն ու վճռականությունը լավագույն վկայությունն են այն բանի, որ մեր երկրի ապագան վստահելի ձեռքերում է։
Թող նոր ուսումնական տարին լինի ձեռքբերումների ու հաջողությունների տարի։
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ։ Մաղթում եմ հարատեւ խաղաղություն, արդյունավետ ուսումնական տարի, նորանոր հաջողություններ, նպատակասլացություն եւ հավատ սեփական ուժերի նկատմամբ։
Բարի՛ երթ․․․
 
 
      ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ,
      Աժ պատգամավոր՝     Սասուն Միքայելյան

Այս թեմայով
am