Լաուրա Անտոնյանը հեռանում է Ազգային ժողովից․ այսօր նրա աշխատանքային վերջին օրն է

Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանն այսօր խորհրդարանում անցկացնում է իր աշխատանքային վերջին օրը։

«ՄեգաՆյուզ»-ի հետ զրույցում Լաուրա Անտոնյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իրեն կանչել են և առաջարկել ազատման դիմում գրել։ Նա առանց երկար մտածելու ներկայացրել է դիմումը և հեռանում է զբաղեցրած պաշտոնից։

Լաուրա Անտոնյանը Ազգային ժողովում աշխատում է 2018 թվականից, իսկ 2022 թվականից ղեկավարում էր Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Խորհրդարանում աշխատանքի տարիներին Լաուրա Անտոնյանը աչքի է ընկել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, գրագիտությամբ և աշխատանքային պատասխանատվությամբ։ Լրագրողական համայնքի հետ նրա համագործակցությունը տարիներ շարունակ եղել է կառուցողական, գործընկերային և արդյունավետ։

Նրա պաշտոնավարման ընթացքում լրագրողների կողմից բարձրացված հարցերին և աշխատանքային խնդիրներին արձագանքը, որպես կանոն, եղել է արագ և օպերատիվ։ Անտոնյանը մշտապես պատրաստակամ է եղել աջակցելու լրագրողներին և անհրաժեշտության դեպքում հնարավորինս արագ լուծումներ գտնելու առաջացած հարցերին։

«ՄեգաՆյուզ»-ը շնորհակալություն է հայտնում Լաուրա Անտոնյանին տարիների ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալ, գրագետ և արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա աշխատանքում ու նախաձեռնություններում։

Մարգարիտա Դավթյան

 

Այս թեմայով
am