Կադրային փոփոխություն ՊՆ-ում․ «Մեգանյուզի» կանխատեսումն իրականանում է. Արամ Հովհաննիսյանը կփոխարինի Աշոտ Զաքարյանին.Shamshyan
«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանին կփոխարինի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Meganews.am-ի հետ հեռախոսազրույցում Հովհաննիսյանը չհերքեց տարածվող լուրերը։
Սպասենք պաշտոնական զարգացումներին։
Նկատենք, որ դեռևս սույն թվականի ապրիլի 29-ին «Մեգանյուզը» դիմել էր Արամ Հովհաննիսյանին՝ խնդրելով պարզաբանել լուրերն այն մասին, թե նրան նշանակելու են ՌՈ պետ։ Ամիսներ անց մեր կանխատեսումն ու տեղեկությունները փաստացի իրականություն են դառնում, իսկ պարոն Հովհաննիսյանն այսօր արդեն չի հերքում մամուլում լայնորեն շրջանառվող այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել էր 2025 թվականի հունիսին, իսկ Աշոտ Զաքարյանը ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի օգոստոսի 6-ից:
Ուշագրավ է, որ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ բանակում արձանագրված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև Պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային լուրջ փոփոխություններ։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Զաքարյանն ազատման դիմում ներկայացրեց:
Հիշեցնենք նաև, որ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց՝ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Սա խաղաղ պայմաններում՝ ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված մահվան 12-րդ դեպքն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ՀՀ ՆԳ նախարարի նախկին տեղակալ, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն է։
Մարգարիտա Դավթյան