Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ նոր զարգացում․ շրջանառվում է Վասակ Վարդանյանի անունը
Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն շրջանառվում են Կոտայքի մարզպետի հնարավոր թեկնածուների անունները։ «Մեգանյուզը» ևս ավելի վաղ գրել էր, որ հնարավոր թեկնածուների թվում է Ազգային ժողովի պատգամավոր, նախկին քաղաքապետ Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս բազմիցս հերքել է այդ տեղեկությունը։
Այսօր արդեն մեկ այլ լրատվամիջոց Կոտայքի մարզպետի հնարավոր թեկնածու է ներկայացրել փոխմարզպետ Վասակ Վարդանյանին, որն այս պահին կատարում է մարզպետի պարտականությունները։
Մարզպետին նշանակում է Հանրապետության վարչապետը, հետևաբար վերջնական որոշումը քաղաքական որոշում է։ «Մեգանյուզը» Ազգային ժողովում փորձեց իշխանական պատգամավորներից հասկանալ՝ ինչպես են գնահատում Վարդանյանի աշխատանքը և արդյոք նրան տեսնում են Կոտայքի մարզպետի պաշտոնում։
Պատգամավորների արձագանքները հիմնականում զգուշավոր էին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, մասնավորապես, զարմացավ՝ տեղեկանալով, որ Վարդանյանը Սասուն Միքայելյանի փեսան է։ Ռուստամ Բաքոյանը ևս չշտապեց գնահատական տալ նրա հնարավոր նշանակմանը։
Վարդանյանի հնարավոր նշանակման քաղաքական համատեքստը հետաքրքրական է նաև առաջիկա ՏԻՄ ընտրությունների ֆոնին։ «Քաղաքացիական պայմանագրի»՝ Հրազդանի համայնքապետի թեկնածուն կրկին Սևակ Միքայելյանն է, որի աշխատանքի վերաբերյալ վարչապետի կողմից հնչել են դրական գնահատականներ։
Վասակ Վարդանյանի քաղաքական ճանապարհը սկսվել է դեռևս մինչև նրա՝ Սասուն Միքայելյանի ընտանիքի անդամ դառնալը։ Մինչև 2018 թվականը նա Հրազդանի համայնքի ավագանու անդամ էր՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից։ Ավագանու ընտրություններում նա զբաղեցրել էր երկրորդ տեղը։ Հետագայում Վարդանյանի գործունեությունը տեղափոխվել է պետական կառավարման համակարգ։
Այս համատեքստում Վարդանյանի՝ Սասուն Միքայելյանի փեսա լինելու հանգամանքը ինքնին չի կարող լինել ոչ նրա նշանակման օգտին, ոչ էլ դեմ հիմնական փաստարկը։ Եթե նրա թեկնածությունն իսկապես քննարկվում է, գնահատման առանցքում պետք է լինեն նրա աշխատանքային փորձը, կառավարչական կարողություններն ու Կոտայքի զարգացման վերաբերյալ տեսլականը։
Հարցն, ըստ էության, սա է՝ արդյո՞ք Վարդանյանն ունի այն կառավարչական ներուժը, որն անհրաժեշտ է Կոտայքի մարզի առջև ծառացած խնդիրները արդյունավետ լուծելու համար։
Վերջնական որոշումը կայացնելու է վարչապետը։ Եվ եթե ընտրությունը կանգ առնի Վասակ Վարդանյանի վրա, հանրության համար կարևոր կլինի հասկանալ ոչ միայն՝ ով է նշանակվել, այլև ինչո՞ւ հենց նա։
Մարգարիտա Դավթյան