Փաշինյանն ու իր կաբինետը այսօր հրաժարական են տվել. նոր գործընթացներ

Այսօր մեկնարկում է Հայաստանի քաղաքական նոր փուլը։ 9-րդ գումարման Ազգային ժողովը կանցկացնի իր առաջին նիստը, իսկ գործող կառավարությունը Սահմանադրության պահանջով հրաժարական կներկայացնի։

Meganews-ը տեղեկացրել էր, որ ՀՀ Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կիրակի օրը հրաժարական կտանք», ընդգծելով, որ այս կազմով կառավարությունն անցկացնում է իր վերջին նիստը։

Իհարկե, թեև կառավարությունը հրաժարական է տալիս, այնուամենայնիվ, դա չի նշանակում իշխանության փոփոխություն։ Խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է պահպանել իշխող ուժի կարգավիճակը և հենց նրա կողմից առաջադրված թեկնածուն էլ ՀՀ նախագահի կողմից նշանակվելու է վարչապետ։ Մինչ այդ հրաժարական ներկայացրած կառավարությունը կշարունակի աշխատել որպես պաշտոնակատար։

Նոր Ազգային ժողովում ընդդիմադիր ուժերը լինելու են «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները:

Meganews-ը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի նշանակմանը կհաջորդի կառավարության գործունեության կարևորագույն փուլերից մեկը․ նոր կառավարությունը նոր ձևավորված Ազգային ժողովին կներկայացնի իր գործունեության ծրագիրը։ Խորհրդարանը կքննարկի այն, և կառավարության ծրագիրը կհաստատվի պատգամավորների քվեարկությամբ, ինչից հետո գործադիր իշխանությունը կսկսի աշխատանքն արդեն նոր խորհրդարանի քաղաքական մանդատով։

Փաստացի, առաջիկա օրերին կավարտվի նախորդ խորհրդարանական շրջափուլը և կմեկնարկի նոր քաղաքական ցիկլը՝ նոր խորհրդարանի, նոր կառավարության կազմի և նոր կառավարության ծրագրի ներկայացմամբ։

Այս թեմայով
am