Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հագեցած և դինամիկ օրակարգը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկկողմ գործընկերության ամրապնդման գործում իր անձնական ներդրման համար: Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ կատարված աշխատանքի շնորհիվ հաջողվել է ապահովել այն ամուր հիմքը, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար:
Իր հերթին դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին վերջին տարիների սերտ համագործակցության և երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր նախաձեռնությունների առաջմղման համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտահանման դիվերսիֆիկացիայի և այլ ուղղություններով տարվող աշխատանքների վերաբերյալ: