Անորոշ ու անհանգիստ վիճակ Գյումրիում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մինչ իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կենաց-մահու պայքար է մղում Գյումրին ուզուրպացնելու համար, տեղի իշխանությունների ու գործընկերների միջեւ անջրպետը խորանում է։ Մեզ ասացին, որ կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որը, լինելով քաղաքապետի առաջին տեղակալ, փոխարինում է Ղուկասյանին, գործընկեր կուսակցություններին մինչ այս պահը չի տեղեկացրել՝ գնո՞ւմ է խորհրդարան, թե՞ շարունակելու է փոխքաղաքապետ աշխատել։
Գործընկերները վիրավորված են այս վերաբերմունքից, հատկապես որ պարզ էլ չէ, թե Առաքելյանի հրաժարականից հետո ով է փոխարինելու նրան։ Ասում են՝ Ղուկասյանի թիմում չկա մեկը, որը կարող է ձգել այդ պաշտոնին եւ ընդունելի լինել ընդդիմության համար։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանին էլ քրեական վարույթով կարող են հարմար պահի չեզոքացնել։ Իսկ իշխանությունը հույս ունի, որ Առաքելյանի հեռանալուց հետո փոխարինող չեն ընտրի, եւ համայնքապետի ԺՊ կնշանակեն, որովհետեւ կարծես ձախողվում է նիստերը տապալելու միջոցով ավագանին լուծարելու եւ արտահերթ ընտրությունների գնալու պլանը։ Իսկ եթե՝ ոչ, ապա խոսում են, որ Գյումրին կարող են խոշորացնել, մեկ նոր համայնք միացնել, որ ընտրություն անցկացնեն»։