Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը»
Միջազգային օլիմպիական կոմիտեն տեղյակ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շուրջ իրադարձություններից, կապ է հաստատել Հայաստանի ազգային կառույցի հետ ու փորձում է լուծումներ գտնել, «Ազատությանը» հայտնել են ՄՕԿ-ից:
«ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները և փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց և երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Թե ինչ լուծումներ են դիտարկվում, միջազգային կառույցը չի բացահայտել:
Գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից ի վեր, անցած երկուշաբթիից կապարակնքված են նաև ՀԱՕԿ-ի և ՀԱՕԿ-ի մարզաբազա հանդիսացող «Օլիմպավան» կենտրոնի դռները:
Ավելի քան 10-ն օր է իրավապահները չեն հանրայնացրել՝ ինչու են կասեցրել օլիմպիական ազգային կառույցի աշխատանքը, ինչ հնարավոր չարաշահումներ են հայտաբերել կամ փնտրում այնտեղ:
ՄՕԿ-ը անպատասխան է թողել «Ազատության»հարցը, թե ինքը որպես ազգային կառույցը վերահսկող մարմին՝ վերջին տարիների առանձնին ստուգումներ կամ աուդիտ անցկացրե՞լ է ՀԱՕԿ-ում: Չեն պատասխանել նաև հարցին, թե այս զարգացումները ինչպես կարող են անդրադառնել Հայաստանի օլիմպիկական վարկանիշի վրա: